«Անցանկալի» համայնքապետերը իրենցից ազատվել ցանկացող կառավարության դեմ կոնտր քայլ են արել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տարեվերջին կառավարությունը հանրային քննարկման դրեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է համայնքների խոշորացում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերում: 186 համայնքից որոշել են ստանալ 11-ը։ Խնդիրն այն է, որ նախագիծը հանրային քննարկման է դրվել ռազմական դրության պայմաններում, ավելին՝ վերջնաժամկետ են սահմանել խոշորացման այս փուլն ավարտել մարտ-ապրիլ ամիսներին։ ՀՀ Սահմանադրությամբ եւ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով ռազմական դրության ժամանակ արգելվում է հանրաքվե անցկացնելը: Բայց խոշորացումն իշխանության համար հրատապ է, որ հասցնեն անցանկալի համայնքապետերից ազատվել եւ խոշորացումից հետո նոր ընտրություններ անցկացնել։
Մեր տեղեկություններով, մի շարք համայնքապետեր, մասնավորապես Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, Նոր Հաճնի համայնքապետ Գագիկ Մաթեւոսյանը դիմել են Սահմանադրական դատարան եւ վիճարկում են ռազմական դրության պայմաններում հանրաքվեի անցկացումը սահմանափակող դրույթը։ Այսինքն՝ նրանք ուզում են, որ մինչ խոշորացումը հարցը դրվի հանրաքվեի, եւ համայնքի բնակչությունը հայտնի իր կարծիքը՝ ուզո՞ւմ է գնալ խոշորացման, թե՞ ոչ։ ՍԴ-ն նախադեպային որոշում է կայացրել՝ հայցը վարույթ ընդունելով, այն կքննվի մայիսին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: