Պուտին. Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությունը հետեւողականորեն իրականացվում է
Լեռնային Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը հետեւողականորեն իրականացվում է: Այս մասին տեսակապով ելույթ ունենալով «դավոսյան շաբաթի» շրջանակում՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Մոսկվան ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել, որպեսզի կանգնեցնի Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը: «Ինչպես հայտնի է, նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդները եռակողմ հայտարարություն են ստորագրել: Կարեւոր է, որ այն մեծ հաշվով հետեւողականորեն իրականացվում է»,-նշել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը, իսկ ամենակարեւորն այն է, որ հաջողվել է հասնել կրակի լիարժեք դադարեցման եւ սկսել կայունացման գործընթաց:
«Մենք ձգտում էինք հետեւել պայմանավորվածություններին, որոնք ձեռք էին բերվել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, որի համանախագահներ են Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան»,-ընդգծել է Պուտինը՝ հավելելով, որ դա «համագործակցության լավ օրինակ է»:
«Միջազգային հանրության, եւ, անկասկած, հակամարտության կարգավորմանը մասնակցող երկրների առջեւ խնդիր է դրված՝ աջակցելու տուժած շրջաններին, կարգավորելու մարդասիրական խնդիրները՝ կապված փախստականների վերադարձի հետ, վերականգնելու փլուզված ենթակառուցվածքը, պաշտպանելու եւ վերականգնելու պատմության, կրոնական եւ մշակութային հուշարձանները»,-նշել է նա: