Պետք է 2 պետություն ստեղծվի. ինչպես է Բայդենը տեսնում իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը․ Fox News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քայլեր է ձեռնարկել Մերձավոր Արևելքում Թրամփի դարաշրջանի քաղաքականությունը վերանայելու համար՝ առաջ մղելով իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը երկու պետությունների ստեղծմամբ կարգավորելու քաղաքականությունը, գրում է Fox News-ը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ նոր վարչակազմն աջակցում է «կենսունակ պաղեստինյան պետությանը», բայց «կպահպանի իր անսասան աջակցությունն Իսրայելին»։
Միլսը խոստովանել է, որ Բայդենի վարչակազմի առջև բարդ խնդիր է ծառացել, քանի որ նրանք պետք է փորձեն հաղթահարել այն բացը, որն առկա է 1948 թվականին Իսրայելի ստեղծումից ի վեր:
ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարը նաև հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը կարծում է՝ «Իսրայելի՝ որպես ժողովրդավարական և հրեական պետության ապագան ապահովելու լավագույն միջոցը Պաղեստինի հետ հարաբերությունների կարգավորումն է»:
Թրամփի վարչակազմը փակել է Վաշինգտոնում «Պաղեստինի ազատագրման կազմակերպության» գրասենյակը, սառեցրել ՄԱԿ-ի օգնության և աշխատանքի գործակալությանը տրամադրվող բոլոր դաշնային ներդրումները, որով առակցություն էր ցուցաբերվում պաղեստինցի փախստականներին, և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ է տեղափոխել, ինչը պաղեստինցիների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել։