Փաշինյանը, չունենալով փորձ և գիտելիքներ ու չափից դուրս բարձր կարծիքի լինելով իր «ռազմավարական տաղանդի» մասին, ԼՂ հարցի լուծման համար զբաղվում էր պոպուլիզմով. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է.
«Վստահ եմ, որ վերջին 20 տարում, առնվազն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը մենք հնարավորություն ունեինք երկարատև հեռանկարով լուծել ԼՂ խնդիրը՝ ապահովելով նախկին ԼՂԻՄ-ի ողջ տարածքում մեր հայրենակիցների խաղաղ կյանքը և Հայաստանի հետ միջանցքը: Բայց մեր ղեկավարները և մեր քաղաքական միտքը [ու ես էլ՝ բոլորի հետ միասին] ի զորու չեղան գնալ այդ լուծումների ճանապարհով: Երկրորդ և երրորդ նախագահները գերադասում էին խնդիրը «խորամանկորեն» ձգձգել, իսկ ներկայիս վարչապետը, չունենալով փորձ և գիտելիքներ ու չափից դուրս բարձր կարծիքի լինելով սեփական «ռազմավարական տաղանդի» մասին, անում էր այն, ինչը նրա մոտ լավ է ստացվում՝ զբաղվում էր պոպուլիստական հռետորաբանությամբ, հոխորտում էր և աքլորանում:
Հեղափոխություն անելու համար դա խիստ անհրաժեշտ է, իսկ պետություն ղեկավարելու պարագայում և հատկապես՝ միջազգային հարաբերություններում, նման գործելակերպը պարզապես մանկամտություն է: Իրական, ռեալ քաղաքականությունը՝ մի կողմից, և ծափահարությունների արժանացող բոցաշունչ ճառերն ու կենացները կամ սրտիկներ կորզող ֆեյսբուքյան եթերները տարբեր, երբեմն նաև՝ տրամագծորեն տարբեր բաներ են: Առաջինը պահանջում է իրավիճակների վրա ազդող գործոնների սթափ, հույզերից զուրկ հաշվարկ:
Այդպիսի հաշվարկներով հանդես է եկել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1997 թվականի սեպտեմբերի 26-ի մամուլի ասուլիսում, նույն թվականի նոյեմբերի 1-ին հրապարակված «Պատերազմ, թե խաղաղություն, լրջանալու պահը», հոդվածում, 1998 թվականի հունվարի 8-ի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում, ինչպես նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրարշավի ժամանակ: Կարելի է տարբեր կերպ վերաբերվել Տեր-Պետրոսյանի անձին, նրա վարած քաղաքականությանը՝ որպես նախագահ, նրա գործունեությանը՝ ընդդիմադիր դաշտում: Բայց ցանկացած չնախապաշարված մարդ, եթե չալարի և կարդա նշածս նյութերը, կտեսնի, որ նրա հաշվարկները ճիշտ էին: Որոշակի հույս ունեմ, որ հիմա էլ Տեր-Պետրոսյանը հանդես կգա նմանատիպ վերլուծությամբ, որը ցույց կտա այսօրվա աղետալի վիճակից դուրս գալու ճանապարհը: Եթե, իհարկե, այդպիսի ճանապարհ կա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: