Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական չտա, պարտավոր է 5 տարի աշխատել այդ պաշտոնում․ ԲԴԽ անդամը՝ Ջհանգիրյանի հավակնությունների մասին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն արդեն երկու օր է՝ գնում են աշխատանքի, անգամ ԲԴԽ նիստերին են մասնակցել: Սակայն Ջհանգիրյանին, ինչպես նա ակնկալում էր ԱԺ ամբիոնից, ԲԴԽ-ում աղ ու հացով չեն դիմավորել: ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը, ով, ի դեպ, ժամանակին Ջհանգիրյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն է եղել, մեր հարցին՝ ինչպես դիմավորեցիք նոր անդամներին, ասաց՝ ոնց որ բոլոր նոր անդամներին: «Եկել են, ասել ենք՝ բարով եք եկել, նորմալ, անփորձանք աշխատանք ենք ցանկանում»,- ասաց Չիչոյանը:
- Աղ ու հաց չկա՞ր «դիմավորման արարողության» մեջ, Ջհանգիրյանն ակնարկում էր, որ երբ ինքը գնա ԲԴԽ, իրեն պետք է աղ ու հացով դիմավորեն:
-Իհարկե, ոչ, որևէ մեկին մենք աղ ու հացով չենք դիմավորել, բնականաբար, նաև Ջհանգիրյանին չէինք կարող աղ ու հացով դիմավորել: Կամ՝ էդ ինչ դիմավորելու ձև ա, աղ ու հացով հիմա ո՞ւմ են դիմավորում Բարձրագույն դատական խորհրդում:
-Ի դեպ, ասում են՝ Ջհանգիրյանը հավակնում է ԲԴԽ նախագահի պաշտոնին, կամ իշխանություններն են ցանկանում նրան տեսնել այդ պաշտոնում:
-Ես տեղյակ չեմ Ջհանգիրյանի հավակնություններից, ինչպես նաև իշխանության հավակնություններից: Մենք ունենք ընտրված ԲԴԽ նախագահ՝ Ռուբեն Վարդազարյանը, որն ընտրվել է հինգ տարով, կարծում եմ, եթե ինքն անձամբ հրաժարական չտա, ապա պարտավոր է իր աշխատանքային պարտականությունները կատարել նշված ժամկետում:
-Ջհանգիրյանի հայտարարություններին՝ ԱԺ ամբիոնից, ԲԴԽ-ի ու դատական համակարգի հետ կապված որոշ գնահատականների ինչպե՞ս եք վերաբերվում:
-Որոշ հարցերին՝ նորմալ, որոշ հարցերի մասով էլ կարող է իմ կարծիքը ես ունենամ:
-Ո՞ր հարցերի դեպքում, օրինակ:
-Դե, հիմա էս պահին չեմ ուզում բարձրաձայնել։
-Տպավորություն էր, որ նա կանխակալ վերաբերմունքով է գալիս դատական համակարգ, ԲԴԽ: Օրինակ՝ առանց գործի նյութերին ծանոթանալու, ասում էր՝ դատավոր կա, որ զինված հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողին ազատ է արձակում:
-ԲԴԽ որևէ անդամ իրավունք չունի առանց վարույթն ունենալու որևէ դիրքորոշում հայտնել՝ դատավորի ցանկացած որոշման հետ կապված: Քանի դեռ այդ հարցը չի եկել ԲԴԽ, ԲԴԽ որևէ անդամ իրավունք չունի դիրքորոշում հայտնել էդ ակտի հետ կապված:
-Գագիկ Ջհանգիրյանն այդ պահին, երբ նման կարծիք հայտնեց, դեռևս ԲԴԽ անդամի թեկնածու էր, ոչ՝ անդամ:
-Դե, թեկնածու էր, դա արդեն չեմ կարող ասել՝ ճիշտ է արել, թե սխալ, բայց էս պահին, ասում եմ, խորհրդի որևէ անդամ իրավունք չունի ակտի հետ կապված դիրքորոշում հայտնել:
-Մամուլում գրվեց, որ Ջհանգիրյանն ու Խաչատուրյանը գալիս են, որ ԲԴԽ-ում հավասարակշռությունը թեքեն հօգուտ իշխանության և քաղաքական առումով իրավիճակ փոխեն:
-Չկա նման խոսակցություն մեզ մոտ, դա մամուլի կամ ինչ-որ ուժերի դիրքորոշումը կամ մտածողությունն է:
-Հաշվի առնելով, որ Ջհանգիրյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից է և առաջադրվել է «Իմ քայլը» խմբակցությունից, Դավիթ Խաչատուրյանին նույնպես իշխանական խմբակցությունն է առաջադրել, կարելի է ասել, որ նրանք իշխանության սրտի թեկնածուներն են, և պատահական չէ նրանց այստեղ գործուղելը:
-Ես էդպես չեմ մտածում, նրանք գիտնական անդամներ են, և օրենքով է դա՝ ինչ-որ մի խմբակցություն պետք է առաջադրեր: Հիմա էս պահին, եթե Ջհանգիրյանին կամ Խաչատուրյանին «Իմ քայլն» է առաջադրել, դա չի նշանակում, որ նրանք իշխանահաճո թեկնածուներ են: Դրանից առաջ էլ մենք ունեցել ենք «Իմ քայլից» առաջադրված թեկնածուներ, օրինակ՝ Գրիգոր Բեքմեզյանը, մարդը շատ օբյեկտիվ աշխատում է: Ու ես չեմ կարող ասել, որ Բեքմեզյանը, առաջադրված լինելով «Իմ քայլից», իշխանության թելն է մանում:
-Բայց ասում են՝ նրանք գալիս են դատական համակարգն իրենց բռի մեջ հավաքելու:
-Խորհուրդը տասն անդամից է բաղկացած, և երկու անդամը, ենթադրենք, ուզենան նման խնդիր առաջացնել, ի վիճակի չեն լինի, որովհետև մեծամասնություն չեն:
-Վստա՞հ եք, որ հենց այս երկու անդամն են, այլ մարդիկ չեն միանա իշխանական թևին:
-Ապագայի մասին կանխատեսումներ չանենք»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: