Բայդենը կառավարության ամբողջ ավտոպարկն Էլեկտրամոբիլներով փոխարինելու հրամանագիր է ստորագրել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել, որը դաշնային կառավարությանը պարտավորեցնում է գնել ԱՄՆ-ում արտադրված ապրանքներ։ Ինչպես հայտնել է Բայդենը, փաստաթուղթը, մասնավորապես, ենթադրում է ամբողջ կառավարական ավտոպարկը փոխարինել ամերիկյան արտադրության 650 հազար էլեկտրամոբիլներով, փոխանցում է Reuters-ը։
«Դաշնային կառավարությունը հսկայական ավտոպարկ ունի, որը մենք կփոխարինենք այստեղ՝ Ամերիկայում արտադրված էլեկտրամոբիլներով, ամերիկացի բանվորներով, և դա միլիոնավոր աշխատատեղեր կստեղծի ավտոմոբիլային արդյունաբերության մեջ»,- ասել է Բայդենը՝ «Գնե՛ք ամերիկյանը» հրամանագրի մասին։
Բացի այդ, Սպիտակ տան վարչաբյուջետային վարչությունում հատուկ պաշտոն է ստեղծվելու, որի պատասխանատվության ոլորտը լինելու է ամերիկյան ապրանքների գնումը: Նշվում է, որ այսուհետ դաշնային գերատեսչություններին դժվար կլինի օտարերկրյա ապրանքների գնման թույլտվություն ստանալ․ այժմ նրանք ստիպված կլինեն այդ որոշումը հիմնավորել անմիջապես Սպիտակ տան առջև:
Ընդհանուր ծառայության վարչության (GSA) տվյալներով՝ 2019 թվականի դրությամբ ԱՄՆ-ի կառավարությանը պատկանել է 645 000 մեքենա, որոնք 4,5 մլրդ մղոն են անցել՝ սպառելով մեծ քանակությամբ բենզին և դիզելային վառելիք: Նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը 4,4 մլրդ դոլար է ծախսել 2019 թվականին դաշնային տրանսպորտային ծախսերի համար։