Ալիևն ու Էրդողանը հավանություն են տվել Բահչելիի՝ Շուշիում դպրոց կառուցելու առաջարկին
Շուշիում դպրոց կառուցելու համար նախ կընտրվի հարմար վայր, ապա կդրվի դպրոցի հիմքը: Այս մասին հայտարարել է թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, գրում է minval.az կայքը:
Նա նշել է, որ Շուշիում Ուզեիր Հաջիբեկովի անվան դպրոց կառուցելու առաջարկը հաստատվել է Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների կողմից:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փոխադարձ համաձայնությամբ Շուշիում դպրոց կառուցելու մեր նախագիծը հաստատվել է»,-ընդգծել է Բահչելին:
Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա դպրոցի հիմքի տեղադրման արարողությունը: Թուրք կուսակցապետը ցուցադրել է նաև դպրոցի նախագծի նախնական տարբերակը և ավելացրել է, որ շինարարական աշխատանքներն ավարտվելուն պես ուսումնական հաստատությունը կտրամադրվի Ադրբեջանին: