Մահացել է ՌԴ նախկին փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոն
64 տարեկանում՝ երկարատև հիվանդությունից հետո մահացել է Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Սերգեյ Պրիխոդկոն:
Այս մասին «Կոմերսանտ»-ը տեղեկացել է ընտանիքին մոտ կանգնած երկու աղբյուրներից, իսկ ավելի ուշ լուրը հաստատվել է կառավարության մամուլի ծառայության կողմից:
Պրիխոդկոն ուներ կողային ամիոտրոֆ սկլերոզ, որը հայտնի է նաև որպես Լու Գերիգի հիվանդություն:
Սերգեյ Պրիխոդկոն ծնվել է 1957 թվականի հունվարի 12-ին՝ Մոսկվայում, ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Նա աշխատել է որպես նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 1998-2004թթ., ինչպես նաև նախագահի օգնական՝ 1997-1998թթ. և 2004-2012թթ., ղեկավարել է կառավարության աշխատակազմը փոխվարչապետի կարգավիճակով 2013-2018թթ., մինչև վերջին տարին աշխատել է որպես կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2020 թվականի հունվարին վարչապետ Միխայիլ Միշուստինը Պրիխոդկոյին նշանակել է իր օգնական: