Շուշիի ընկնելն առեղծված է․ Սեյրան Օհանյան. «Իրավունք»
««Իրավունք TV»֊ի եթերում, անդրադառնալով ռուսաստանաբնակ վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանի հարցազրույցում Շուշիի հետ կապված աղմկահարույց հայտարարություններին, մեզ հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը հետեւյալ մասնագիտական կարծիքը հայտնեց.
Շուշիի մարտական գործողությունները պետք է դիտարկել ընդհանուր պաշտպանողական օպերացիայի որոշակի հատվածների հետ: Որովհետեւ ադրբեջանցիները Շուշի հենց այնպես, միանգամից չեն հասել, այդ ճանապարհին տարբեր հատվածներում՝ Հորադիզ, Հադրութ, Ջաբրայիլ, Քարինտակ, Կարմիր Շուկա եւ այլն մարտական գործողություններ են ընթացել: Եվ հիմնական պատճառը, որ հակառակորդը կարողացել է հասնել Շուշի, դա այն է, որ նշված ուղղությամբ ճիշտ ղեկավարման միջոցներ չեն ձեռնարկվել: Այսինքն՝ պետք է ստեղծվեր առաջնային ղեկավարման կետ՝ իր բոլոր հնարավորություններով՝ հակառակորդին հետախուզելու, նրան խոցելու, հակաօդային պաշտպանություն իրականացնելու, ճիշտ խմբավորումներ իրականացնելու առումով: Դա չի արվել: Պատճառը հենց դա էր, որ հակառակորդը կարողացավ շրջանցել եւ լեռնաանտառային գոտիներով հասնել Շուշի:
Իրականում ես եղել եմ Շուշիում, որտեղ կամավոր սկզբունքով փորձել եմ աշխարհազորի ձեւավորմանը աջակցել, ու այն հրամանատարական կետը, որը ձեւավորված էր Շուշիում, գտնվում էր ռմբակոծության տակ՝ սկզբից հակառակորդի կողմից: Այնուհետեւ, երբ ՊԲ հրամանատարը որոշեց հրամանատարական կետը հանել, այն նաեւ գտնվել է ռմբակոծության տակ հայկական կողմից, այսինքն՝ հակագրոհային, հակահարվածային գործողությունների շրջանակում: Այնուհետեւ, թե ինչպես այն ընկավ, ինչ պայմաններում, ես խորությամբ տեղյակ չեմ: Որովհետեւ, ինքս նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան եմ այնտեղից դուրս եկել՝ հրամանատարական կետի փոփոխության հրամանը ստանալուց հետո:
-Ձեր՝ հրամանատարական կետը լքելուց առաջ նման խոսակցություններ լսե՞լ եք, որ պետք է նահանջել, հակառակ դեպքում՝ «Իսկանդերը» կհարվածի:
-Նման խոսակցություններ չեն եղել, իսկ «Իսկանդերի» հարվածների արդյունքների մասին լսել եմ այնքանով, որքանով հանրությունն է լսել:
-Պարո՛ն Օհանյան, կարելի է ասել, որ մենք կամա, թե ակամա պարարտ հող ենք նախապատրաստել, որ Շուշին ընկնի:
-Գիտեք, այս գործողությունները եւ գործողությունների ընթացքում տարվող միջոցառումները բեմականացման տպավորություն են թողել ինձ վրա: Ես, այնտեղ լինելով, անընդհատ փորձել եմ խորհրդատվություն տալ Արցախի ղեկավարությանը, բայց դրանք մնում էին օդում: Շուշիի ընկնելն առեղծված է, այնպես որ, կարծում եմ, հետագայում լուրջ քննության կարիք կա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում