2020 թվականը Հայաստանի համար ծանր տարի ստացվեց. Որ ոլորտներում է թերացել իշխանությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2020 թվականը Հայաստանի համար ծանր տարի ստացվեց. մարտից Հայաստանն ու աշխարհը փոթորկեց կորոնավիրուսը, իսկ սեպտեմբերից էլ խնդիրներ առաջացրեց 44-օրյա պատերազմը:
Եվ դա նաև պատճառ հանդիսացավ, որ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը փոփոխությունների ենթարկվեց: Եվ, ահա, 2021 թվականն արդեն մեկնարկել է, և «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ արդյունքներով է Հայաստանը փակել 2020 թվականը, և թե որ գերատեսչությունը որտեղ է թերացել: Օրինակ՝ նախագահի աշխատակազմը թերացել է «Հանրապետության նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում» դրույթն իրականացնելիս և կատարողականը կազմել է 78.48 տոկոս, Ազգային ժողովի պարագայում այս նույն կետի կատարողականը կազմում է 74.90 տոկոս:
Վարչապետի աշխատակազմը չի կատարել «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» դրույթն ու «Պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովում» դրույթը, իսկ, ահա, «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» դրույթը կատարել է 62 տոկոսով:
Համավարակով և պատերազմով պայմանավորված՝ տնտեսվել են արտասահմանյան պատվիրակությունների համար նախատեսված ծախսերը, և կատարողականը կազմել է 39 տոկոս: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը թերացել է «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» ծրագիրն իրագործելիս՝ ցույց տալով 29.38 տոկոս կատարողական:
Նկատենք, որ բյուջեի կատարողականում մեծ տեղ են գրավում կորոնավիրուսի և պատերազմի հետևանքների չեզոքացման ծրագրերը, որոնցից շատերը դեռ ընթացքի մեջ են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: