Աթլետիկոյի նախագահ. Սուարեսին միշտ համարել ենք Եվրոպայի լավագույն կենտրոնական հարձակվող
Մադրիդի «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է Իսպանիայում չեմպիոնական մրցավազքի մասին, ինչպես նաև կարծիք է հայտնել թիմի հարձակվող Լուիս Սուարեսի մասին, որն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անվճար է համալրել մադրիդյան թիմի շարքերը կատալոնական «Բարսելոնայից».
«Մենք կարող ենք հաղթել առաջնությունում, կարող ենք և չհաղթել: Հիմա դեռ մրցաշրջանի միջնամասն է, դեռ շատ խաղեր կան անցկացնելու: Հիմա մենք առաջին տեղում ենք, բայց առջևում դեռ շատ խաղեր կան: Երբ մնա երեք խաղ, ես կասեմ՝ արդյոք մենք չեմպիոն կդառնա՞նք, թե՞ ոչ: Մենք ուժեղ թիմ ունենք, լավ մարզավիճակում ենք, և դա ուժ է տալիս, որպեսզի շարունակենք առաջ շարժվել: Ֆուտբոլիստները հիանալի գիտեն, թե ինչ անել:
Ինչ վերաբերում է Սուարեսին, ապա մենք միշտ նրան Եվրոպայի լավագույն կենտրոնական հարձակվողն ենք համարել: Մեր բախտը բերել է, որ նա մեզ հետ է: Ակումբում բոլորը շատ ուրախ են,որ Լուիսն այստեղ է»,- Սերեսոյի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ հայտնել էին՝ Լուիս Սուարեսը, որը գոլի հեղինակ է դարձել «Վալենսիայի» հետ խաղում ու նպաստել մադրիդցիների հաղթանակին (3-1), Իսպանիայի ընթացիկ առաջնությունում խփել է իր 12-րդ գնդակը:
Ռմբարկուների ցանկում նա հավասարվել է «Սևիլիայի» հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրիին:
Երրորդ տեղում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ խփած 11 գոլով: 2021 թվականի ընթացքում անցկացրած 4 խաղում Սուարեսը 4 գոլ է խփել: