Փարիզում մոտ 300 ներգաղթյալ «գրավել» է մանկապարտեզի շենքը՝ իշխանություններից պահանջելով ապաստան տրամադրել (լուսանկար)
Փարիզում շուրջ 300 ներգաղթյալներ «գրավել» են մայրաքաղաքի 16-րդ շրջանի նախկին մանկապարտեզի շենքը՝ իշխանություններից պահանջելով կորոնավիրուսից ու ցրտից պատսպարվելու համար իրենց ապաստաններ տրամադրել, ֆրանսիական ԶԼՄ-ներին հղումով գրում է belta.by-ը։
Նշվում է, որ ներգաղթյալները լքված շենքը «գրավել» են ոչ թե այնտեղ մնալու, այլ իրենց վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: Ցուցարարներից շատերը Հանրապետության հրապարակում ոստիկանության կողմից ապամոնտաժված վրանային ճամբարի նախկին բնակիչներն են:
Ի պատասխան ցուցարարների պահանջների՝ Փարիզի փոխքաղաքապետը, որը պատասխանատու է ներգաղթի և ժամանակավոր տեղավորման հարցերի համար, խոստացել է գիշերելու համար նրանց տեղ հատկացնել դպրոցական երկու դահլիճներում, քանի որ, ըստ նրանց, լքված մանկապարտեզը չի ջեռուցվում և, ընդհանուր առմամբ, վտանգավոր շենք է։