Facebook-ն արգելափակել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինի օգտահաշիվը
Facebook-ն արգելափակել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինի օգտահաշիվը, երբ վերջինս մեկնաբանել է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի հրապարակումը:
Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ինքը՝ Ռոգոզինը:
«Իմ օգտահաշիվն արգելափակել են մեկ օրվա ընթացքում, քանի որ իմ գրառումն, իբրեւ, խախտում է սոցիալական ցանցի նորմերը: Հրապարակումը հեռացրել են: Ահա եւ ամերիկյան ձեւով «խոսքի ազատությունը»,- գործակալությանն ասել է պետական կորպորացիայի ղեկավարը:
Նախօրեին Մաքֆոլը Թվիթերում հրապարակել էր գրառում Ռուսաստանում դեմոկրատիայի եւ լիբերալիզմի թեմայով:
Ռոսկոսմոսի գլխավոր տնօրենը քննադատական մեկնաբանություն էր արել իր ֆեյսբուքյան էջում գրառման միջոցով: Այնուհետեւ Ռոգոզինի հրապարակումը հեռացրել են:
«Ավելի վաղ անգլոսաքսերը մեզ ցանկացել են վերածել բանանի հանրապետության, անվանել են «բենզալցակայան», այժմ առաջարկում են անունով դիմել իրենց կուռքին եւ գործակալին: Դե ինչ, կասեմ քեզ, Մայքլ, որպես դեսպանը դեսպանին, դուք, պարոնայք ամերիկացիներ, վերջնականապես չափերն անցել եք: Ձեզնից ուսուցիչներ մի ներկայացրեք»,-գրել է Ռոգոզինն իր հաղորդագրության մեջ եւ հավելել. «Մեր երկրի գործերը մենք կլուծենք»: