Վալերի Հովհաննիսյանը մեկ շաբաթ անց հեռացել է «Տամբովից»
Ֆուտբոլային ֆունկցիոներ Վալերի Հովհաննիսյանը հեռացել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Տամբովի» նախագահի պաշտոնից, որը զբաղեցրել էր վերջերս, հաղորդում է «РБ Спорт»-ը:
Հունվարի 16-ին «Տամբովը» պաշտոնապես հայտնել էր Հովհաննիսյանի նշանակման մասին, սակայն ավելի ուշ ջնջել էր այդ լուրը: Նշվում է, որ դա արվել էր նրա համար, որպեսզի նոր նախագահը կշիռ ունենա նոր ներդրողների հետ բանակցություններում: Կողմերը պայմանագիր չէին կնքել:
Հիշեցնենք, որ Վալերի Հովհաննիսյանը Հայաստանում աշխատել է «Ուլիսում» ու «Արարատում», ինչպես նաև Մոսկվայի «Արարատում», որտեղից հեռացել էր սկանդալով:
«Տամբովում» են խաղում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանը և Վարազդատ Հարոյանը: 28-ամյա Հարոյանն այս օրերին չի մասնակցում ռուսական Կրիմսկում ընթացող հավաքին և մարզվում է Երևանում: Չի բացառվում, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նա կտեղափոխվի այլ ակումբ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Տամբովը» կարող է դադարեցնել ելույթները Ռուսաստանի առաջնությունում: Ակումբն ունի մեծ պարտքեր և վաղուց աշխատավարձ չի վճարում ֆուտբոլիստներին: Թիմի մի շարք լեգեոնականներ այդ հարցով դիմել են ՖԻՖԱ-ին: