Թուրք նախկին պատգամավորը հայտարարել է, որ Ջո Բայդենը քուրդ է
Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունից նախկին պատգամավոր Օրհան Միրօղլուն, որը նաեւ կուսակցության Կենտրոնական գործադիր խորհրդի անդամ է, առաջ է քաշել այն տեսությունը, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրականում քուրդ է, գրում է Ahval-ը՝ հղում անելով Cumhuriyet-ին:
«Իմ քուրդ ընկերը, ում հետ ես վերջերս խոսել եմ, ասաց, որ չնայած դժվար է հավատալ, որ դա լուրջ է, սակայն դժվար չէ կռահել, թե ինչ նպատակով է ինչ-որ մեկն ասել, որ Բայդենի իրական անունը Սիմոյկ Բահաթին Աղա է: Նա սերում է բուրուկի ցեղից, քրդական ընտանիքից, որը Երեւանից ԱՄՆ է գաղթել»,-ասել է Միրօղլուն:
Թվիթթերի օգտատերերը չեն հավատացել այդ պնդումներին: Պրոֆեսոր Օզգյուր Դեմիրթաշը պարզապես facepalm նշանն է դրել:
Աղբյուրը նշվում է, որ Բայդենը երկարատեւ հարաբերություններ ունի քրդական խմբերի հետ: 2003-ին նա դիմել է Էրբիլում քրդական խորհրդարանին՝ ասելով, որ «լեռները ձեր միակ ընկերները չեն»:
Քուրդ պաշտոնյաները չորեքշաբթի շնորհավորել են Բայդենին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: