Մարադոնայի սանի տպավորիչ դաջվածքը՝ նրա պատվին (Լուսանկարներ)
Արգենտինական «Խիմնասիա Լա Պլատայի» կիսապաշտպան Պատրիսիո Մոնտին արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային նվիրված դաջվածք է արել:
23-ամյա արգենտինացու դաջվածքը տպավորել է շատերին, քանի որ այն գրեթե չի տարբերվում լուսանկարի բնօրինակից:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը նոյեմբերի 25-ին մահացել էր 60 տարեկանում։ 2019 թվականի սեպտեմբերից մարզիչը գլխավորում էր «Խիմնասիա Լա Պլատան»:
Մարադոնան նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից նոյեմբերի 10-ին։
Լեգենդար հարձակվողը ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 1976 թվականին արգենտինական «Արգենտինոս Խունիորս» ակումբում: 1981-1982 թվականներին Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսում», 1982-1984-ին՝ կատալոնական «Բարսելոնայում», 1984-1991-ին՝ իտալական «Նապոլիում», 1992-1993-ին՝ իսպանական «Սևիլիայում», 1993-1994-ին՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»: Որպես ֆուտբոլիստ Մարադոնայի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որտեղ արգենտինական ֆուտբոլի լեգենդը վերադարձել է 1995 թվականին և խաղացել մինչև 1997 թվականը:
Արգենտինայի ազգային հավաքականում Մարադոնան հանդես է եկել 1977-1994 թվականներին՝ ազգային թիմի կազմում դառնալով 1986թ․ աշխարհի չեմպիոն:
Մարադոնան 2008-2010 թվականներին գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որտեղից հեռանալուց հետո աշխատել է «Ալ Վասիում», «Ֆուջարիայում», «Դորադոս դե Սինալոայում»: