Եթե ինչ-որ մարդիկ խոհանոցից հայտնվել են ԱԺ-ում՝ ընդդիմության տեսքով, դա իրենց խնդիրն է, հույս ունեմ ու վստահ եմ, որ շուտով կունենանք նոր ընտրություններ, և բացը կլրացվի․ Ա․ Սիմոնյան. «Ժողովուրդ»
«ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին Շուշիի հետ կապված հայտարարությանը, ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև իրենց առաջիկա պլաններին: Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունն անգամ իր ներսում կոնսենսուս չունի, ու դա երևում է իրենց առաջադրած ՀՀ վարչապետի թեկնածուից:
-Պարո՛ն Սիմոնյան, թեժ քննարկվում է վարչապետի հայտարարությունը՝ Շուշի քաղաքի հետ կապված: Մի հատվածը պնդում է, որ վարչապետն ասել է՝ Շուշին եղել է ադրբեջանական քաղաք, ինչի համար էլ այն տրվել է ադրբեջանցիներին: Ինչո՞ւ նման տարատեսակ դիրքորոշումներ ներկայացվեցին վարչապետի հայտարարությունից հետո:
-Որովհետև շատ վաղուց ապրում ենք շահարկումների դաշտում, և երբ վարչապետը, օրինակ, ասում է՝ ինչու ուշադրություն չէիք դարձնում Շուշիին, ինչու չէիք ներդրումներ անում քաղաքում, թողել էիք, որ Շուշին մնա այդ վիճակում, դա կտրվում է և ընկալվում, որ Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր, այնինչ պահանջն ու հարցադրումը նրա մասին էր, թե ինչու ձեր սիրտը չի ցավացել այս տասնյակ տարիների ընթացքում: Ո՛չ վարչապետը, ո՛չ ես, ո՛չ մեր քաղաքական թիմը մեր պատմական քաղաքներին, տարածքներին նման վերաբերմունք ո՛չ ունեցել ենք, ո՛չ կարող ենք ունենալ: Մենք ունենք հարցադրումներ այն մարդկանց, որոնք բերել, հասցրել են այս վիճակին և փորձում են հիմա շահարկել: Մարդիկ զգացել են, որ սրանք շահարկումներ են և ուշադրության արժանի շահարկումներ չեն:
-Ընդդիմությունն ասում է, որ իրենք հասկանում են նախադասությունն այնպես, ինչպես դա արտաբերվում է վարչապետի կողմից: Այսինքն՝ իբրև վարչապետն ասել է, որ Շուշին ադրբեջանական քաղաք է:
-Ես գիտեմ աշխատելաոճը, գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, և նախադասությունը հետևից առաջ պտտելով կամ կտրելով՝ եզրակացություն չպետք է անեմ: Նման բան կարող է անել խոհանոցում նստող որևէ անձնավորություն: Եվ եթե ինչ-որ մարդիկ խոհանոցից հանկարծակի հայտնվել են ԱԺ դահլիճում ընդդիմության տեսքով, դա իրենց խնդիրն է: Ես մեծ հույս ունեմ ու վստահ եմ, որ մենք շուտով կունենանք նոր ընտրություններ, և բացը կլրացվի: Եվ այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեցան քաղաքական գործիչ դառնալ և դարձան, կվերադառնան ԱԺ, իսկ այն մարդիկ, որոնք մնացին շահարկումների խոհանոցում, կմնան այդտեղ:
-Նաև նշվում է, որ հենց արտահերթ ընտրությունների հետ կապված՝ իշխանությունը կեղծ օրակարգ է առաջ քաշել, որովհետև վարչապետը պետք է հրաժարական տա, որպեսզի իրենք կարողանան արտահերթ ընտրություններ իրականացնել:
-Դա ևս այդ նույն շահարկումների մեջ է: Իշխանությունն ուզում է նոր ընտրություն անել, որպեսզի ինչ անի: Դա աբսուրդ է: Ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում ընդդիմությունն է պահանջել արտահերթ ընտրություն: Խնդիրը հետևյալն է. պետք է, որ այլ թեկնածու չառաջադրվի: Իրենք ասում են՝ տենց վստահ եք, գնացեք, բայց մենք չենք ուզում երկիրը տանենք ցնցումների: Եկեք պայմանավորվենք, որ առանց ցնցում չի ընտրվելու նոր վարչապետ:
֊Մոտ ապագայում ե՞րբ կարող են արտահերթ ընտրություններ իրականացվել:
-Եթե Դուք նկատի ունեք տեխնիկապես իրականացնել, ես կարծում եմ, որ իշխանությունը այսօր արդեն պատրաստ է կազմակերպչական այդ ամենը ապահովել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: