Twitter-ն արգելափակել է Իրանի Գերագույն առաջնորդի օգտահաշիվը՝ Թրամփի հասցեին հնչած սպառնալիքի պատճառով. AP
Twitter-ն արգելափակել է օգտահաշիվը, որը, ենթադրաբար, կապված է Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված սպառնալիքներ պարունակող հաղորդագրությունից հետո, հաղորդում է AP News-ը:
Հաղորդագրության մեջ լուսանկար է եղել, որում Սպիտակ տան նախկին ղեկավարը գոլֆ է խաղում հսկայական դրոնի ստվերում: Պատկերի տակ եղել է մակագրություն. «Վրեժն անկասկած է»: Այս արտահայտությունը կապված է Խամենեիի ելույթի հետ, որը հնչել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության առաջին տարելիցին:
«Վրեժը հաստատ կլինի ճիշտ ժամանակին»,- ասել է Խամենեին:
Ըստ Twitter-ի ներկայացուցչի, այս օգտահաշիվը խախտել է սոցցանցի քաղաքականությունը և կեղծ է: Ընկերությունը չի հստակեցրել մանրամասները:
Ինչպես նշում է գործակալությունը, Իրանի Գերագույն առաջնորդի գրասենյակի հետ կապված այլ օգտահաշիվներ շարունակում են ակտիվ մնալ, ներառյալ՝ նրա օգտահաշիվը: