Պիոլի․ Մանջուկիչը պատրաստ է «Ատալանտայի» դեմ խաղին
Իտալիայի առաջնության առաջատար «Միլանի» իտալացի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին հայտնել է, որ թիմի նորեկ, խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը պատրաստ է «Ատալանտայի» դեմ առաջիկա հանդիպմաննը։
«Մարիոն անմիջապես ընտելացավ թիմին։ Ոչ մի խնդիր չի եղել, միայն դրական հույզեր։ Նա ֆիզիկապես շատ լավ վիճակում է։ Մանջուկիչը վաղուց չի խաղացել, բայց էներգիայով լի է եւ վճռական է տրամադրված։
Երկու տարբերակ կա։ Կամ ես նրան 3-4 շաբաթ հասցնում եմ լավագույն մարզավիճակին, կամ արագացնում եմ գործընթացը, նրան դուրս եմ բերում խաղադաշտ, որպեսզի նա մտնի ռիթմի մեջ։ Ես նախընտրում եմ երկրորդ տարբերակը։ Նա պատրաստ է «Ատալանտայի» հետ խաղին»,- Պիոլիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Իտալիայի առաջնության 19-րդ տուրի «Միլան» - «Ատալանտա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։
Հիշեցնենք, որ 34-ամյա Մանջուկիչն իտալական ակումբի հետ կքնել է կես տարվա պայմանագիր, որն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: «Միլանում» նա հանդես կգա 9 համարի մարզաշապիկով:
Մանջուկիչն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Միլանին»: Հարձակվողի նախորդ ակումբը Քաթարի «Ալ Դուհաիլն» էր, որը նա լքել էր 2020թ․ հուլիսին։
Խորվաթ հարձակվողն ակումբային կարիերայի ընթացքում անցկացրել է 497 պաշտոնական հանդիպում, խփել 197 գոլ, կատարել 84 գոլային փոխանցում։ Խորվաթիայի հավաքականի հետ նա 2018-ին դարձել է աշխարհի փոխչեմպիոն։