Ֆոնսեկա․ Մխիթարյանն ու Պեդրոն լիարժեք պատրաստ չեն
Իտալիայի առաջնության 19-րդ տուրից առաջ «Ռոման» ունի կադրային խնդիրներ, ասել է մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան։ «Ռոման» կմրցի «Սպեցիայի» հետ, որին պարտվել էր Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում։
«Ես մշտապես զգում եմ աջակցություն ակումբի նախագահի կողմից եւ չեմ անհանգստանում իմ աշխատանքի համար՝ կախված առաջիկա հանդիպման արդյունքից։
Ինձ ավելի շատ անհանգստացնում են կադրային խնդիրները։ Ջեկոն վնասվածք է ստացել եւ չի խաղա «Սպեցիայի» դեմ։ Լիարժեք պատրաստ չեն նաեւ Մխիթարյանն ու Պեդրոն։ Նրանց մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը։ Պեդրոն գործնականում շանս չունի։
Սպասվում է բարդ հանդիպում։ «Սպեցիան» արդեն ապացուցել է իր ուժը, սակայն մենք չենք խոսում ռեւանշի մասին։ Սա այլ մրցաշար է, այլ խնդիրներ»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է «Ռոմայի» կայքը։
«Ռոմա» - «Սպեցիա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին և կսկսվի Երևանի ժամանակով 18:00-ին: Իտալիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա Մխիթարյանը մասնակցել է 18 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: