«Ռոմայի» առաջատարները գլխավոր մարզիչի դեմ են դուրս եկել
Իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն ու կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին իրենց դժգոհությունն են հայտնել թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի աշխատանքից, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Նախորդ մարզման ժամանակ ֆուտբոլիստների ու մարզիչի միջև տեղի է ունեցել լարված խոսակցություն: Ջեկոն ու Պելեգրինին ամբողջ թիմի անունից խոսել են տակտիկական խնդիրների մասին, ինչպես նաև պահանջել են վերադարձնել մարզիչ Ջանլուկա Գոմբարային: Իտալացի մասնագետը «Ռոմայից» հեռացվել էր Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Սպեցիայից» 2։4 հաշվով պարտությունից հետո:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Պաուլո Ֆոնսեկան կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից: Պորտուգալացի մասնագետը 2019 թվականից է գլխավորում «Ռոման»: Դրանից առաջ նա աշխատել է նաև ուկրաինական «Շախտյորում», պորտուգալական «Բրագայում», «Պորտուում» և այլ ակումբներում: