Ամերիկյան մրցանակների դափնեկիր, հայ երգչուհի Մարիա Կոզեթի նոր ալբոմի եկամուտը կուղղվի Արցախի եւ Հայաստանի մանուկների համար իրականացվող բարեգործական ծրագրերին
Ամերիկյան մրցանակների դափնեկիր, ազգությամբ հայ երգչուհի, երգահան և պրոդյուսեր Մարիա Կոզեթը ներկայացրել է իր երգերի 4-րդ ալբոմը՝ «Pen to Paper», ինչպես նաեւ նոր տեսահոլովակը՝ Faded Jeans.
Ալբոմում ներառված է 4 երգ՝ սիրո, մարդկային ապրումների եւ դժվարությունները հաղթահարելու մասին։ Երգերի խոսքերի ու երաժշտության հեղինակը Մարիա Կոզեթն է (հայերեն տեքստերը հեղինակել են Վրույր Թադեւոսյանը եւ Սվետլանա Բոսնոյանը), ստեղծագործական աշխատանքներին մասնակցել են Արամ Ավագյանը, Սևադա Դավուդյանը, Լազարոն, ռեփեր Սաշ Վերնիսը և Ջիմմի Էմերզյանը։ Ալբոմը հասանելի է լինելու բոլոր առցանց վաճառքի պորտալներում։ Վաճառքից ստացված ամբողջ գումարն ուղղվելու է Արցախի եւ Հայաստանի մանուկների համար իրականացվող բարեգործական ծրագրերին:
Երաժշտական-ստեղծագործական աշխատանքներին զուգահեռ Մարիա Կոզեթն ակտիվորեն ներգրավված է Կալիֆոռնիայի հայ համայնքի հասարակական-մշակութային կյանքում՝ կազմակերպելով եւ մասնակցելով բարեգործական ու կրթական ծրագրերին, միջոցառումներին։ Նա նաեւ երկար տարիներ հեղինակել եւ վարել է ժամանցային, հասարակական-ճանաչողական անգլալեզու հեռուստանախագծեր։
Մարիա Կոզեթը դասավանդում է նաեւ Կալիֆոռնիայի պետական համալսարանում և Glendale Community College-ում։