Շրի Լանկան կրկին բացվել է օտարերկրյա զբոսաշրջիկների համար
Շրի Լանկան համավարակի պատճառով գրեթե 10 ամիս փակվելուց հետո, որը լրջորեն խաթարել է Հնդկական օվկիանոսի կղզու զբոսաշրջության շահութաբեր արդյունաբերությունը, կրկին բացվել է օտարերկրյա զբոսաշրջիկների համար, հայտնում է AP-ն:
Կղզու կոմերցիոն չվերթները սպասարկող երկու միջազգային օդանավակայաններում լիարժեք վերսկսվել են աշխատանքները։
COVID-19-ի տարածումը կանխելու համար նոր կանոնների համաձայն, զբոսաշրջիկները պետք է վիրուսի թեստ հանձնեն իրենց հայրենիքում մեկնումից 72 ժամ առաջ, եւ կրկին յոթ օր անց, երբ ժամանեն Շրի Լանկայի իրենց հյուրանոց: Նրանք պետք է մնան 14 զբոսաշրջային տարածքներում նշված «ճամփորդական փուչիկի» մեջ՝ առանց խառնվելու տեղի բնակչությանը: Զբոսաշրջիկներին տեղավորելու համար հատկացվել է շուրջ 180 հյուրանոց:
Զբոսաշրջության վերսկսումը հաջորդում է փորձնական նախագծին, որը մեկնարկել է դեկտեմբերի 26-ին եւ որի շրջանակներում Ուկրաինայից 1500 զբոսաշրջիկներ Շրի Լանկա էին այցելել նման զբոսաշրջային «փուչիկի» պայմաններում:
Կառավարությունը անցած տարվա մարտին երկիրը փակել էր զբոսաշրջիկների համար: Միջազգային օդանավակայանները փակվել էին, բացառությամբ սահմանափակ չվերթների, որոնք Շրի Լանկայի բնակիչներին օգնում էին տուն վերադառնալ։
Զբոսաշրջությունը Շրի Լանկայի տնտեսության կարեւոր ոլորտ է, որը կազմում է նրա համախառն ներքին արդյունքի մոտ 5%-ը:
Շրի Լանկայում մինչեւ հոկտեմբեր գրանցվել էր կորոնավիրուսի ավելի քան 4000 դեպք: Հունվարի 21-ի դրությամբ հաստատվել է ավելի քան 55 000 դեպք, 274 մարդ մահացել է: