Բայդենի երդմնակալության ժամանակ սենատոր Բեռնի Սանդերսի մասնակցությամբ արված լուսանկարը սոցցանցերում մեծ տարածում է գտել նրա կրած ձեռնոցների շնոհիվ (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ արված լուսանկարը, որում պատկերված է սենատոր, նախագահի նախկին թեկնածու Բեռնի Սանդերսը, մեծ տարածում է գտել համացանցում և վիրուսային դարձել, գրում է Billboard-ը։
Լուսանկարում Սանդերը տաք բաճկոնով և ձեռնոցներով մեկուսի նստած է աթոռին։ Նրա լուսանկարը համացանցում տարածվել է #berniesmittens (Բեռնիի ձեռնոցները) հեշթեգով։
Նշվում է, որ Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ օդի ջերմաստիճանը եղել է +6 աստիճան՝ ըստ Ցելսիուսի սանդղակի։
Ավելի ուշ ԶԼՄ-ները հաղորդել են, որ Սանդերսի ձեռնոցները տարիներ առաջ վերջինիս նվիրել է Վերմոնտից Ջեննի Էլիս անունով մի ուսուցիչ։ Ինչպես Twitter-ում պատմել է ուսուցիչը, ձեռնոցերը գործել է հին բրդյա շապիկից։
Սանդերսը նույնպես արձագանքել է ձեռնոցների մասին հարցերին։
«Վերմոնտում մենք տաք ենք հագնվում։ Մենք գիտենք՝ ինչ է ցուրտը։ Մենք չենք անհանգստանում նորաձևության մասին, այլ կարևորում ենք տաքությունը»,- հայտարարել է սենատորը։
Նախօրեին ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ստանձնել է երկրի ղեկավարի պարտականությունները: Բայդենը երդվել է ընտանեկան Աստվածաշնչի վրա, որն օգտագործել է 2009 և 2013 թվականներին փոխնախագահի պաշտոնը ստանձնելիս:
Տեղի է ունեցել նաև ԱՄՆ առաջին կին փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալությունը, որը նաև առաջին սևամորթ և ասիական ծագմամբ փոխնախագահն է: Նրա երդումն ընդունել է Գերագույն դատարանի դատավոր Սոնյա Սոթոմեյորը: