Լոնդոնում ոստիկանությունը կանեփի ֆերմա է հայտնաբերել
Լոնդոնի պատմական ֆինանսական շրջանում, որտեղ գրասենյակային շենքերը դատարկվել են COVID-19-ով պայմանավորված սահմանափակումների պատճառով, ոստիկանությունը հայտնաբերել է կանեփի ֆերմա: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Դեպքի առնչությամբ Լոնդոնի Սիթի շրջանի ոստիկանությունը տեղեկացրել է, որ Անգլիայի բանկի մերձակայքում գտնվող շենքում հայտնաբերվել է մարիխուանայի 826 բույս: Ըստ ոստիկանության՝ իրենք տեղեկություններ են ստացել կանեփի «ուժեղ հոտի» մասին, որն էլ դարձել է խուզարկության պատճառ:
«Սա Սիթիում կանեփի առաջին գործարանն է, որը, անկասկած, ստեղծվել է համավարակի ընթացքում այստեղ քիչ մարդ լինելու պատճառով, որոնք կարող էին նկատել ցանկացած անսովոր գործողություն», - ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Նշենք՝ Սիթին աշխարհի առևտրային ապահովագրական խոշորագույն շուկայի, բանկերի և ֆոնդերի կառավարիչների համար «տուն է», որը գրեթե ամայացել է անցյալ մարտից, երբ աշխատակիցների մեծ մասն անցել է հեռավար աշխատանքի:
Առցանց միջոցառման ժամանակ Անգլիայի բանկի կառավարիչ Էնդրյու Բեյլին այս առնչությամբ ասել է , որ մարդիկ, ամենայն հավանականությամբ, կկատակեն այն բանի հետ կապված, թե ինչով են զբաղված կենտրոնական բանկի աշխատակիցները:
«Մենք կդառնանք անվերջ կատակների առարկա, քանի որ «հիմա մենք գիտենք, թե ինչով է զբաղված Անգլիայի բանկը»»,- մանրամասնել է նա: