Twitter-ն արգելափակել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան օգտահաշիվը
Twitter-ն արգելափակել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան օգտահաշիվը`ույղուրների մասին հրապարակման պատճառով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը` վկայակոչելով Twitter-ի խոսնակի հայտարարությունը:
Հաղորդվում է, որ գրառումը, որում ասվում էր, որ ույղուրցի կանայք այլևս «երեխաների արտադրման մեքենաներ» չեն, հրապարակվել է հունվարի 7-ին, բայց Twitter-ը ջնջել է այն 24 ժամ անց ՝ փոխարինելով «այս թվիթն այլևս հասանելի չէ» վերտառությամբ:
Գործակալության տվյալներով՝ Twitter-ը հաշվի սեփականատիրոջից պահանջում է սեփական ձեռքով ջնջել վերոնշյալ հաղորդագրությունը՝ մուտքը սոցիալական ցանց վերականգնելու համար:
«Մենք այս թվիթի նկատմամբ այս գործողությունը նախաձեռնել ենք դրա՝ ապամարդկայնացման դեմ մեր քաղաքականությանը հակասելու պատճառով», - ասել է Twitter-ի խոսնակն ու շեշտել՝ հաշիվը դեռևս արգելափակված է:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը Չինաստանին սպառնում է պատժամիջոցներով՝ մեղադրելով նրան ույղուրներին և այլ մուսուլման փոքրամասնություններին հետապնդելու և մարդու իրավունքները ոտնահարելու համար, այդ թվում՝ նաև Տիբեթում:
Չինաստանի իշխանությունները մերժել են բոլոր մեղադրանքներն ու քննադատությունները՝ կոչ անելով չխառնվել երկրի ներքին գործերին: