Վավերագրական ֆիլմի նկարահանում և հիշատակի արարողություն. Ստամբուլում կհարգեն Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի հիշատակը
Հունվարի 25-ին՝ մահվան առաջին տարելիցի օրը, Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը կոգեկոչեն Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Մերձավոր Արևելքի չեմպիոն Կարպիս Զաքարյանի հիշատակը: Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը:
Զաքարյանի մարզական կարիերան տևել է 22 տարի, 1964 թվականին նա դարձել է Մերձավոր Արևելքի չեմպիոն: Մասնակցել է գրեթե 100 առաջնությունների, որոնցից 43-ը եղել են միջազգային մրցույթներ: «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Զաքարյանը մենամարտեր է անցկացրել Գերմանիայում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Լիբանանում, Եգիպտոսում և այլ երկրներում: Պրոֆեսիոնալ մարզիկի կարիերան ավարտել է 1966 թվականին:
Թուրքիայում գործունեություն ծավալող «Լույս մեդիա» հիմնադրամի ֆինանսավորմամբ Կարպիս Զաքարյանի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի, որը կպատմի Երկրորդ համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում նրա կարիերայի սկզբի և դրա շարունակության մասին, որը 1964 թվականին նրան չեմպիոնի կոչում է բերել:
Կարպիս Զաքարյանը մահացել է 2020 թվականի հունվարի 25-ին՝ 90 տարեկան հասակում: