Սոլեյմանին Սիրիայում ղեկավարել է Ասադի դեմ պայքարող զինված ընդդիմության դեմ մարտերը. «Ղոդս»-ի հրամանատար
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» էլիտար ռազմական ստորաբաժանման նախկին հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին գործունեություն էր ծավալում Սիրիայում այն ժամանակ, երբ «Իսլամական պետություն»ահաբեկչական խմբավորումը դեռ չկար: Այս մասին իրանական հեռուստատեսությամբ կայացած հանդիպման ժամանակ ասել է Հեղափոխական կորպուսի առաջնորդ Մահմուդ Ջհարբարին, հայտնում է almasdarnews.com թերթը:
Նա շեշտել է, որ 2012 թվականին, երբ ղեկավարում էր իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Սիրիայում, հանդիպել է Ղասեմ Սոլեյմանիի հետ, որը ղեկավարում էր ռազմական գործողությունները Բաշար ալ-Ասադի հակառակորդների դեմ. մինչդեռ «Իսլամական պետություն» խմբավորումն այդ ժամանակ դեռ ի հայտ չէր եկել Սիրիայում:
«Երբ Սոլեյմանին գնաց Սիրիա, «Իսլամական պետություն» խմբավորումր ընդհանրապես գոյություն չուներ, և Բաշար ալ-Ասադի դեմ սիրիական ընդդիմությունը միակն էր, ով ակտիվ էր Սիրիայի կառավարության դեմ, և մենք պետք է տարբերենք «Իսլամական պետությունն» ու սիրիական զինված ընդդիմությունը», - շեշտել է նա և հավելել, որ իր գործունեության նպատակը Սիրիայում դաշտային հետախուզություն կատարելն էր:
«Երբ ես հասա Դամասկոս, սիրիական շատ շրջաններ գտնվում էին ընդդիմության ձեռքում, որը ցանկանում էր տապալել Բաշար ալ-Ասադի կառավարությունը, և ես տեսա որ Սոլեյմանին վերահսկում և ղեկավարում էր մարտերը սիրիական զինված ընդդիմության դեմ», - եզրափակել է Մահմուդ Ջհարբարին:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» էլիտար ռազմական ստորաբաժանման գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին՝ Բաղդադում: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել նրա սպանության համար: Օրեր անց Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: