Հռոմի Պապն ավելի շատ երկրների է կոչ արել միանալ ՄԱԿ-ի միջուկային զենքի արգելքի մասին պայմանագրին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել ավելի շատ երկրների միանալ ՄԱԿ-ի միջուկային զենքի արգելքի մասին պայմանագրին: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ըստ նրա՝ այսօր խաղաղությունն ապահովելու համար անհրաժեշտ է միջուկային զենքի արգելում:
Նշենք՝ միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի ուրբաթ օրը: Այն ստորագրել է 86 պետություն՝ «Միջուկային զենքը մերժելու միջազգային արշավի» շրջանակում, որն արժանացել է 2017 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին:
«Ես կոչ եմ անում բոլոր պետություններին վճռականորեն աշխատել՝ առանց միջուկային զենքի աշխարհի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով: Դա կնպաստի խաղաղության և բազմակողմանի համագործակցության խթանմանը, ինչի կարիքն այսօր ունի մարդկությունը»,- շեշտել է Պապը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան և մի շարք այլ միջուկային տերություններ չեն ստորագրել պայմանագիրն ու բոյկոտել են դրան վերաբերող բանակցությունները:
Դեռևս 2019 թվականին ճապոնական Նագասակի կատարած այցի ընթացքում Հռոմի պապն ասել էր, որ միջուկային զենք ունենալը, նույնիսկ զսպման նպատակով, «այլասերվածություն է և որևէ կերպ արդարացված չէ»: