Եղիսաբեթ Երկրորդը երդմնակալությունից առաջ անձնական նամակ է ուղարկել Բայդենին
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն անձնական նամակ է ուղարկել Ջո Բայդենին, որը հունվարի 20-ից պաշտոնապես ԱՄՆ 46-րդ նախագահն է: Այս մասին հայտնում է people.com-ը՝ վկայակոչելով Բուկինգհեմյան պալատի հաղորդագրությանը:
Հաղորդվում է, որ համապատասխան նամակն ուղարկվել է դեմոկրատ քաղաքական գործչի երդմնակալության արարողությունից առաջ:
Լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրվում:
Նշենք՝ թագուհին Մեծ Բրիտանիայից միակը չէ, որը դիմել է Բայդենին: Երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում ևս գրառում է կատարել այս առնչությամբ:
«Շնորհավորում եմ Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում երդվելու կապակցությամբ, և Քամալա Հարիսին՝ իր պատմական երդմնակալության համար: Ամերիկայի ղեկավարությունը կենսական նշանակություն ունի բոլորիս համար կարևոր հարցերի շուրջ՝ սկսած կլիմայի փոփոխությունից մինչև կորոնավիրուս, և ես ակնկալում եմ աշխատել նախագահ Բայդենի հետ»,- գրել է նա: