Գործակալների ժամանակը․ Ադրբեջանի հաղթանակն արձանագրվել է ոչ միայն, կամ ոչ այնքան ռազմի դաշտում, որքան պատերազմին նախորդած, ուղեկցող ու հաջորդող շրջաններում գործակալների գործունեությամբ. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է.
«Հայաստանում փոթորիկ է առաջացել պաշտոնյաների՝ այս կամ այն երկրի գործակալ լինելու թեմայի շուրջ։ Դիսկուրսը կենտրոնացել է առանձին վերցրած պաշտոնյայի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շուրջ, ում՝ Թուրքիայի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկությունը, ըստ էության, առայժմ չի հերքվել, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) գործակալ լինելու վերաբերյալ տեղեկությունն էլ հերքվել է այնպես, որ ավելի շատ հաստատել է լուրի իսկությունը։ Թեմայի շուրջ քննարկումները խոշոր հաշվով հանգում են նրան, որ, եթե Հայաստանի հատուկ ծառայությունների գործակալ լինելը թեկուզ վերապահումներով կարելի է ընդունելի համարել, ապա Թուրքիայի գործակալ լինելու պարագան աններելի է։ Այս քննարկումներն օգտակար են անգամ այն պարագայում, որ կարող են օբյեկտիվորեն վնասել պետությանը, պետական ինստիտուցիային ընդհանրապես։
Ինչպես մեր տարածաշրջանի բոլոր երկրներում՝ ընդհանրապես, այնպես էլ Հայաստանում՝ մասնավորապես ու հատկապես, գործել ու գործում են մեծ թվով երկրների հատուկ ծառայություններ՝ սկսած Ռուսաստանից ու Թուրքիայից, վերջացրած Ադրբեջանով, Իրանով, Մեծ Բրիտանիայով ու ԱՄՆ-ով։ Եվ եթե սովորական ժամանակներում տարբեր երկրների գործակալական ցանցերն աշխատում են հարաբերականորեն «սովորական ռեժիմում», ապա այնպիսի ֆորսմաժորների դեպքում, ինչպիսին պատերազմն է, նրանց գործունեությունն ավելի առարկայական ու տեսանելի է դառնում։
Մենք ապրում ենք շպիոնների ժամանակներում, և պետք է պատրաստ լինել նորանոր բացահայտումների։
Բայց վերանալով կոնկրետ պաշտոնյայի անձի շուրջ գործակալական իրական կամ առասպելական պատմություններից, կարևոր է հասկանալ, թե վերը նշված ու չնշված երկրներից հատկապես ո՞ր մեկի հատուկ ծառայություններն են հաջողություն արձանագրել Հայաստանում ու Հայաստանի շուրջ պայքարում։ Ակնհայտ է, որ առաջին տեղում թուրքական ու ադրբեջանական հատուկ ծառայություններն են, որոնք մեծ հավանականությամբ Հայաստանում հանդես են գալիս մեկ միասնական տրամաբանությամբ ու, հավանական է, հենց թուրքական կառույցի վերահսկողությամբ։
Ակնհայտ է, որ արցախյան վերջին պատերազմը՝ ոչ միայն այդ 44 օրերին, այլ նաև դրան հաջորդող շրջանում, նաև թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատանքի արդյունքն է։ Ադրբեջանի հաղթանակն արձանագրվել է ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան ռազմի դաշտում, որքան ռազմական գործողություններին նախորդած, ուղեկցող ու հաջորդող շրջանների գործունեությամբ՝ արդեն սեփական գործակալական ցանցի միջոցով։ Իրերն ու իրադարձություններն այս լույսի ներքո դիտարկելիս՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի իշխանությունները՝ կամ գործակալական պարտավորությունների հանգույն, կամ այլ պատճառներով, արել և անում են գործողություններ, որոնք վերջնարդյունքում բխում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից։ Պատմությունը և մասնագիտական քննությունները երբևէ կպարզեն՝ այդ գործողությունների ո՞ր մասն է ուղիղ գործակալական ցանցի աշխատանքի արդյունք, ո՞ր մասը՝ վերջինիս ածանցյալ ազդեցության հետևանք։
Իսկ մինչ այդ հայ հասարակությունը ստիպված է լինելու ապրել առնվազն կասկածով, որ սեփական իշխանության շարքերում, հնարավոր է՝ կան թշնամական երկրին ծառայող գործակալներ։ Քննարկման այլ հարց է, որ հնարավոր է՝ հայ հասարակությունը կամ դրա ինչ-որ մասը ոչ միայն խնդիր չի տեսնում այդ կասկածի մեջ, այլ հաշտ է դրա հետ այնպես ու այնքան, ինչպես, օրինակ, թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունները՝ Հայաստանում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: