Թարմ օրինակ. Ինչպես է կառավարում երկիրը գործող իշխանությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հեպատերազմական իրավիճակում հանրության լայն շերտերի մոտ թեև կա ձևավորված հստակ կարծիք, որ գործող իշխանությունը անկարող է այլևս կառավարել երկիրը ու պետք է օր առաջ հեռանա, սակայն իշխանությունը մշտապես հակառակն է պնդում՝ հայտարարելով, թե իրենք արդյունավետ կառավարիչներ են ու պետք է երկիրը հետցնցումներից դուրս բերեն միայն իրենք:
Իսկ ինչպե՞ս է կառավարում երկիրը գործող իշխանությունը: Մի թարմ օրինակով կարելի է հասկանալ իրավիճակը. 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կառավարության առաջարկով Ազգային ժողովը 89 կողմ քվեով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որի համաձայն՝ բարձրացվեցին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը, որով հիմնադրամի համար նախկին հազար դրամի փոխարեն 3000-ից 15 հազար դրամ է գանձվում՝ կախված աշխատողի աշխատավարձի չափից:
Այսինքն՝ արտահերթ ռեժիմով հետպատերազմական իրավիճակում իսկապես կարևորագույն նախագծերից մեկը ընդունվեց: Բայց մեկ ամիս չանցած՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Արտակ Մանուկյանը նոր նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են նվազեցնել գանձվող գումարների չափը՝ սկսելով այն 2 հազար դրամից:
Ստացվում է՝ դեռ մեկ ամիս էլ չի անցել արտահերթ ռեժիմով ընդունված փոփոխությունից, հիմա նոր նախագիծ է ներկայացվում: Իսկ ինչո՞ւ փոփոխությունը հենց տարեվերջին չառաջարկվեց, չներառվեց նախագծում. նախագծի հեղինակները բացատրում են, թե օրենքով իրենք հնարավորություն չունեին առաջարկներ ներկայացնելու, քանի որ կառավարարության նախագիծն արտահերթ նիստերի ընթացքում է ընդունվել։
Այսինքն՝ շտապողականության արդյունքում ոչ այնքան արդար օրենք է ընդունվել, հիմա առաջարվում է փոխել կառավարության կողմից ներկայացված նախագիծը:
Ու այսքանից հետո իշխանությունները խոսում են արդյունավետ կառավարման, երկիրն այս վիճակից դուրս բերելու մասին, մինչդեռ իրականում տարրական կազմակերպչական հարցերում հաճախ չեն կարողանում կողմնորոշվել: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ռեսուրսի և ժամանակի անտեղի վատնում։
Երբ հարցը վերաբերում է զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցելուն, ապա պետք էր ավելի ուշադիր լինել ու փորձ անել ներկայացնել ավելի ամբողջական և կատարյալ նախագիծ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: