Բաքուն կարող է զրկվել Կասպից ծովից
Գիտնականները նախազգուշացնում են, որ Կասպից ծովը կարող է կորցնել իր մակերեսի մինչեւ երրորդ մասը: Ընդ որում՝ բնակչությունն ամենեւին չի գիտակցում վտանգը, նշում է գերմանական Der Tagesspiegel պարբերականը:
Հնարավոր է, որ Բաքվի այսօրվա բնակիչների թոռներն արդեն ստիպված լինեն ափ հասնելու համար անցնել մի քանի կիլոմետր: Ամեն դեպքում, այս մասին է վկայում մոդելային հաշվարկը, որը դեկտեմբերին հրապարակել է Marum-ից՝ Բրեմենի համալսարանին առընթեր Ծովային հետազոտությունների կենտրոնից Մաթիաս Պրանգեն: Նրա հաշվարկների համաձայն՝ հարյուրամյակի վերջին Կասպից ծովի մակարդակը սրընթաց փոքրանալու է եւ նվազելու է 9-18 մետրով: Կասպից ծովը, որը Երկրի վրա ամենախոշոր փակ ջրամբարն է, կկորցնի իր այսօրվա մակերեսի մինչեւ երրորդ մասը:
Ծովի մակարդակի անկումը տեղի է ունենում շատ ավելի արագ, քան ենթադրվում էր նախորդ կլիմայական մոդելներում, կարծում է Բրեմենի գիտնականների խումբը, որը վաղուց ուսումնասիրում է տարածաշրջանի երկրների իրավիճակը: (...) Արդեն մի քանի տարի շարունակ կլիմայի տաքացման հետեւանքով խախտվում է հավասարակշռությունը Վոլգայից ջրահոսքի եւ փակ լճի մակերեւույթից ջրի գոլոշիացման միջեւ: Գոլորշիանում է շատ ավելի ջուր, քան կարող է գետը հասցնել, որը թարմ ջրի 90 տոկոսի աղբյուրն է: Ռուս գիտնականների կարծիքով՝ իրավիճակը կփոխվի, քանի որ գլոբալ տաքացումը նաեւ այլ արդյունք ունի: Նրանք ենթադրում են, որ առաջիկա տարիներին Ռուսաստանի Եվրոպական տարածքում անձրեւի ավելի շատ տեղումներ կլինեն, եւ Վոլգան ավելի շատ ջուր կբերի: Պրանգեն իր մոդելում հաշվի է առել այս կանխատեսումը: «Դա չի բավականացնի»,- ասում է նա: Ընդ որում՝ նա հաշվի չի առել անգամ այն, որ 1990-ականներին ճգնաժամ ապրած ռուսական գյուղատնտեսությանը դրա կայունացումից հետո ապագայում Վոլգայից ավելի շատ ջուր կպահանջվի:
Ծովի մակարդակի անկման դեպքում Բաքուն համեմատաբար փոքր կորուստներ կունենա, կարծում է Marum-ից կենսաբան Թոմաս Վիլկեն: Արդյունքն առանձնապես ուժգին կդրսեւորվի աղի ջրով ցածրադիր շրջաններում՝ Կասպից ծովի հյուսիսում: Ըստ հաշվարկների՝ այնտեղ կցամաքի ծովի տասնյակ հազար քառակուսի կիլոմետր:
Ծանծաղելու էֆեկտը շատ լավ հայտնի է Ղազախստանում Արալի ծովի անհետացմամբ,- նշում է պարբերականը: - Դրա գոնե փոքր մասը փրկելու համար, կատարվեցին միլիարդների ներդրումներ, սակայն հետեւանքներն աղետալի էին: Մեծ մակերեսներ վերածվեցին անապատի, հողը թունավորված է ծովի աղով: Այստեղ անհնար է գյուղատնտեսությամբ զբաղվել, տարածաշրջանում մարդիկ հաճախ են հիվանդանում շնչուղիների հիվանդություններով:
Ընդ որում՝ այդ երկրների բնակչությունն ու քաղաքական գործիչները վտանգի ընկալում բացարձակապես չունեն՝ իրենց ուղեւորությունների ժամանակ այսպիսի եզրակացության են հանգել Պրանգեն, Վիլկեն եւ նրանց թիմի անդամները: «Դե որտեղից ունենան: Սերնդեսերունդ մարդկանց փոխանցվում է փորձը, որ ծովի մակարդակն ընկնում է, հետո նորից բարձրանում,- ասում է Վիլկեն: - Ինձ թվում է, որ որոշ երկրներում քաղաքական գործիչները դեռեւս այսպես են մտածում՝ դե, դա մեզ վրա այդքան ուժգին չի ազդի, ինչպես հարեւանների վրա»: Իրականում, հաշվարկների համաձայն, կտուժեն առաջին հերթին Ղազախստանն ու Ռուսաստանը:
Բրեմենի գիտնականները կոչ են անում իրենց տվյալները ստուգել միջազգային փորձագիտական խմբերի եւ արագ արձագանքման միջոցով: Սակայն հնարավորությունները մեծ չեն: Բանակցությունների ավելի քան 20 տարի պահանջվեց, որ 2 տարի առաջ Կասպից ծով ելք ունեցող երկրները համաձայնության գան դրա բաժանման հարցում: Եթե հիմա ջրի մակարդակը սկսի արագ ընկնել, այդ համաձայնագիրը ոչ արդիական կդառնա, ինչը գրեթե անխուսափելիորեն կհանգեցնի շահերի նոր հակամարտության, վստահ են փորձագետները: Եթե հիմա դիվանագետներին եւս 20 տարի պահանջվի, ապա չափազանց ուշ կլինի: