Արցախի ապագայի շուրջ անհանգստությունը շարունակվում է, անկայունությունը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ․ Եվրախորհրդարանի պատգամավորը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ իրենց անհանգստությունը շարունակվում է, քանի որ անկայունությունը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ:
Ավելին՝ ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավարը նախատեսում է առաջին հնարավորության դեպքում այցելել տարածք և իր աչքերով տեսնել, թե այնտեղ ինչ է կատարվում: «Առաջին հնարավորության դեպքում նախատեսում եմ այցելել տարածք, քանի որ համաճարակային պայմաններն այս պահին դա թույլ չեն տալիս: Ես իմ պարտքն եմ համարում պարզել, թե ինչ է տեղի ունենում այնտեղ»,-նշեց նա:
Եվրախորհրդարանի պատգամավորի համար ևս կարևոր հարց է հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադարձի հարցը, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դեռևս ամբողջությամբ չի իրականացվել, և ադրբեջանական կողմում կան հայ ռազմագերիներ, որոնց վերջինս փորձ է անում ներկայացնել որպես հանցագործներ, քանի որ նրանք գերեվարվել են եռակողմ հայտարարությունից հետո:
Լուկաս Ֆուրլասն այդ հարցը բարձրաձայնել է նաև Եվրահանձնաժողովում: «Ես շատ մտահոգված եմ այս խնդրով: Այդ է պատճառը, որ ես Եվրահանձնաժողովին բարձրաձայնել եմ հայ ռազմագերիների հարցը, նրանց իրավունքները երաշխավորելու և նրանց վերադարձնելու պարտավորության մասին: Նման նախաձեռնությունները կարող են ճնշում լինել Ադրբեջանի կառավարության վրա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավելեց Հայաստան-Եվրամիություն բարեկամական խմբի ղեկավարը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: