Ուֆայից բակ մաքրողը դարձել է համացանցի աստղ՝ տղամարդկանց գլամուրային ամսագրերի ոճով ֆոտոշարքից հետո
Ուֆայից լուսանկարիչ Ռոման Ֆիլիպովը լուսանկարել է իր վաղեմի ծանոթին՝ բակ մաքրող Յուրային՝ գլամուրային տղամարդկանց ամսագրերի ոճով եւ օգնել նրան 650 հազար ռուբլի հավաքել իր պարտքերը մարելու համար: Այդ մասին նա գրառումներ է հրապարակել Instagram-ի իր էջում։
«Մնացած գումարը ես կծախսեմ Յուրայի բնակարանային պայմանների բարելավման վրա։ Յուրայի պարտքերը փակելու համար անհրաժեշտ գումարը հավաքվել է», - գրել է լուսանկարիչը։
Իր հարեւանին նկարահանելու գաղափարով Ֆիլիպովն առաջին անգամ կիսել է հունվարի 6-ին։ «Յուրան է, իմ հարեւանը։ Նա, չնայած հաշմանդամությանը, աշխատում է որպես բակապան։ Ուզում եմ նրա մասին նախագիծ նկարահանել», - մակագրել է լուսանկարիչը։ Դրանից հետո նա սկսել է Յուրայի կյանքի մասին լուսանկարների շարք հրապարակել․ «Յուրան նախաճաշում է», «Յուրան աշխատանքի է գնում», «Յուրան աշխատավայրում է»:
«Մարդկանց մեծ մասը նրան չի նկատում, նրանց համար նա պարզապես փոշի է։ Բայց նա մեղավոր չէ իր կյանքի համար։ Մենք բոլորս չէ, որ ծնվում ենք նույն հնարավորություններով։ Մի քիչ ավել հաջողություն, եւ նա կարող է հայտնվել GQ-ի շապիկին։ Քանզի նրա բարությանն ու հոգու զորությանը նախանձում է յուրաքանչյուրը», - նշել է Ֆիլիպովը։
Խաբեբաների ազդեցության տակ Յուրան երեք անգամ փորձել է նրանց նվիրել իր սենյակը, իսկ հետո մի քանի բանկերում ավելի քան 500 հազար ռուբլի գումարի վարկեր է ձեւակերպել: «Հաջորդ տարի Յուրան ստրկության մեջ է անցկացրել գյուղի խաբեբաների մոտ։ Կատարում էր կեղտոտ աշխատանք, իսկ դրա դիմաց նրան կերակրում էին։ Իսկ, երբ քիչ էր մնում նրան սպանեին, փախչում է», — հավելել է լուսանկարիչը։
Այժմ Յուրան վերադարձել է աշխատավայր, «ծաղիկներ է աճեցնում եւ բանաստեղծություններ գրում»։