Ռոնալդուն հայտնվել է քննադատության թիրախում
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի առաջնության 18-րդ տուրում Միլանի «Ինտերից» կրած պարտությունից (0:2) հետո հայտնվել է իտալական մամուլի քննադատության թիրախում: ԶԼՄ-ներն ընդգծել են, որ 35-ամյա ֆուտբոլիստն իր ռմբարկուական հատկանիշները չի կարողանում դրսևորել չեմպիոնական մրցավազքին մասնակցող մրցակիցների դեմ խաղերում:
«Ռոնալդուին տեսականորեն հնարավոր չէ կանգնեցնել, երբ նա լավ մարզավիճակում է: Սակայն նա ավելորդ բեռ է դառնում թիմի համար, երբ նրա խաղը մարում է, ինչպես դա եղավ «Ինտերի» հետ դիմակայությունում»,- Ռոնալդուի մասին գրում է Corriere dello Sport-ը:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում 35-ամյա Ռոնալդուն մասնակցել է 15 խաղի և խփել 15 գոլ: «Յուվենտուսը» 33 միավորով 5-րդ տեղում է: Առաջատարը «Միլանն» է, որն ունի 43 միավոր: «Ինտերն» 40 միավորով երկրորդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Նապոլին» ունի 34 միավոր: