Ինչպես Ռուսաստանը և Բալկանները «խաբեցին» ԵՄ-ին և կառուցեցին «Թուրքական հոսք»-ը. Biznes Alert
Ռուսաստանը, Բուլղարիան և Սերբիան ցույց են տվել, թե ինչպես կարելի է գազատարներ կառուցել`շրջանցելով ԵՄ օրենսդրությունը, ինչը փաստացիորեն ուժեղացրել է Մոսկվայի մենաշնորհային վերահսկողությունը Հարավարևելյան Եվրոպայում: Այս մասին գրում է լեհական Biznes Alert-ը:
«Թուրքական հոսք»-ի եվրոպական (ցամաքային) մասը կոչվել է «Բալկանյան հոսք»: Ահա այսպես նրանք կարողացել են քողարկել գազատարը, մոլորության մեջ գցել հասարակությանը և, որպես արդյունք, հմտորեն խաբել ԵՄ պաշտոնյաներին ու նրանց կազմած գազային դիրեկտիվը, որը երրորդ էներգետիկ փաթեթի պահանջները տարածում է ծովային գազատարների վրա:
7 տարի առաջ Բրյուսելին հաջողվել էր խանգարել «Հարավային հոսք»-ի կառուցմանը: Նոր գազատարը «Հարավային հոսք»-ի երկրորդ մարմնավորումն է, որը «Հյուսիսային հոսք»-ի և «Հյուսիսային հոսք 2»-ի հետ միասին «Գազպրոմ»-ին պետք է ազատի ուկրաինական տրանզիտից:
«Բալկանյան հոսք»-ի հատվածը Բուլղարիայի տարածքում 474 կմ է, դրա հզորությունը՝ տարեկան 15,8 միլիարդ խմ գազ: Բուլղարիայից ռուսական էներգետիկ հումքն ուղարկվում է Սերբիա, Հունաստան և Հյուսիսային Մակեդոնիա:
2021 թվականի հունվարի 1-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը բացել է Նովի Սադ քաղաքի մերձակայքում գտնվող գազատարի եվրոպական հատվածի սերբական մասը: Փաստացիորեն, սա «Թուրքական հոսք»-ի երկրորդ մասն է, առաջինը նախատեսված է Թուրքիայի կարիքների համար:
Սերբական հատվածի երկարությունը 403 կմ է, իսկ հզորությունը՝ տարեկան 13,88 միլիարդ խմ: Սերբիան միառժամանակ տարեկան 2,2 միլիարդ խմ գազ կսպառի (նախատեսվում է հասցնել տարեկան 4 միլիարդ խորանարդ մետրի), իսկ հումքի արժեքը Բելգրադի համար կկազմի 155 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց, գումարած ևս 12- 14 դոլար տարանցման համար: Սերբիայից «կապույտ վառելիքը» կուղարկվի Բոսնիա և Հերցեգովինա (տարեկան 0,3 միլիարդ խմ), Հունգարիա (տարեկան 6 միլիարդ խմ) և Ավստրիա (տարեկան 3,75 միլիարդ խմ):
Դրանից հետո Սերբիան հայտնվել էր ամբողջ Եվրոպայի ուշադրության կենտրոնում` չնայած իրականում այդ երկիրը պետք է լիներ ԵՄ անդամ Բուլղարիան: Սոֆիան առանցքային տարր էր, նա համաձայնության է եկել Մոսկվայի հետ և, առանց ուշադրություն գրավելու, հանգիստ իրականացրել էր ծրագրի կարևոր մասը:
Ռուսաստանը և Բալկանյան երկրները կնքել են «ջենթլմենական» համաձայնության: Ի տարբերություն «Հարավային հոսք»-ի, «Գազպրոմ»-ը պաշտոնապես չի մասնակցել Եվրոպայում «Թուրքական հոսք»-ի շարունակության կառուցմանը: Ներդրումներն իրականացրել են հենց Բուլղարիան և Սերբիան, որոննք այս ծրագիրն անվանել են ոչ թե տարանցիկ գազատար, այլ իրենց ներքին տարանցիկ ցանցի ընդլայնում: Այդպիսով Ռուսաստանի Դաշնությունը և Բալկանները խաբել են ԵՄ-ին, միևնույն ժամանակ Ուկրաինային զրկել են տարանցումից:
ԱՄՆ-ն խոստացել է պատժամիջոցներ կիրառել «Թուրքական հոսք» և «Հյուսիսային հոսք 2» նախագծերում ներգրավված ընկերությունների նկատմամբ: Բայց «Բալկանյան հոսք»-ի հզորության 90%-ն արդեն ռեզերվացված է 20 տարի առաջ ժամկետով և դժվար թե որևէ մեկը կարողանա խանգարել «Գազպրոմ»-ին իր ծրագրերի իրականացման գործում, ամփոփել է լեհական լրատվամիջոցը: