«Քլինթոնը ենթադրում է, որ Պուտինը կարող էր տեղյակ լինել Կապիտոլիումի անկարգություններից, Փելոսին պահանջում է 11/9 ձևաչափով հետաքննություն». Fox News
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր փոդքաստում հեռացող նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապեր ունենալու ու ժողովրդավարության հանդեպ արհամարհանքի համար և պահանջել ստեղծել հանձնաժողով` Կապիտոլիումի դեպքերը հետաքննելու նպատակով: Հատկանշական է, որ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի գրոհի հարցում նա տեսնում է «Կրեմլի ձեռքը»։ Այս մասին հայտնում է ամերիկյան Fox News լրատվականը` հղում տալով Հիլարի Քլինթոնի վարած փոդքստին:
Փոդքասթի հաղորդավար Քլինթոնը, որըբզրույցը վարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, ասել է, որ հետաքրքիր կլինի լսել Թրամփի հեռախոսային ձայնագրություններն ու պարզել, արդյոք նա Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Քլինթոնը, 2016 թվականին կայացած նախագահական ընտրություններում Թրամփին պարտվելուց հետո, ասել էր, որ Թրամփն ակնհայտորեն արհամարհում է ժողովրդավարությունը, սակայն նրա ատելության իրական խորությունը երբեք չի կարող բացահայտվել:
«Ես կցանկանայի լսել նրա հեռախոսային ձայնագրությունները և տեսնել, թե արդյոք նա խոսել է Պուտինի հետ այն օրը, երբ ապստամբները ներխուժեցին Կապիտոլիում», - ասել է Քլինթոնը:
Նա Փելոսիից հետաքրքրվել է, թե ինչ է մտածում արյունալի խռովության վերաբերյալ առանձին հետաքննություն սկսելու մասին, ինչպես ժամանակին տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական իրադարձությունների առթիվ:
Փելոսին ողջունել է նման հանձնաժողովի ստեղծումը՝ հիշելով, թե ինչպես է մի անգամ Թրամփին ասել. «Քեզ հետ, պարոն Նախագահ, բոլոր ճանապարհները տանում են դեպի Պուտին»:
«Ես չգիտեմ, թե Պուտինը քաղաքական, ֆինանսական կամ անձնական ինչ ծրագրեր ունի, սակայն այն, ինչ տեղի ունեցավ անցյալ շաբաթ, նվեր է նրա համար, քանի որ Պուտինը ցանկանում է խարխլել ժողովրդավարությունը մեր երկրում և ամբողջ աշխարհում», - ասել է Փելոսին ՝ անկարգությունների բոլոր մասնակիցներին «Պուտինի խամաճիկներ» անվանելով:
Նշվում է, որ Քլինթոնի վարկածն առ այն, որ գործող նախագահը կարող է ինչ-որ կերպ փոխգործակցել օտարերկրյա ղեկավարի հետ` երկրի համար այդպիսի դժվար պահին, ինքնին ոչ միայն ուշագրավ է, այլ նաև ցույց է տալիս, թե որքան են տարբերվում կողմերը Վաշինգտոնում: Մինչդեռ Թրամփի կողմնակիցները` նորընտիր նախագահ Ջո Բայդենին մեղադրել էին Չինաստանի հետ կապեր ունենալու համար:
Fox News-ի աշխատակից Բայրոն Յորքն իր թվիթերյան էջում վերահրապարակել է վերոնշյալ փոդքաստից մի հատված և գրել. «Տեղի ունեցավ Ներկայացուցիչների Պալատի և Սենատի հետաքննություն: Հետաքննություն անցկացվեց հատուկ դատախազի կողմից` իրավապահ մարմինների ամբողջական լիազորություններով: Լրագրողական անվերջանալի հետաքննություններ եղան: Նրանցից ոչ ոք չգտավ այն, ինչ փնտրում էր: Հիմա, Հիլարի Քլինթոն, էլ ինքդ փորձիր ... »:
The Washington Post ամսագրում հրապարակված իր հոդվածում նախկին պետքարտուղարը Թրամփի աջակիցների բողոքն անվանել է «սպիտակ շովինիզմի անբավարարության ողբերգականորեն կանխատեսելի արդյունք» ՝ նշելով, որ Թրամփն իր հռետորաբանությամբ միայն յուղ է լցրել կրակի վրա:
«Թրամփին պաշտոնից հեռացնելը կարևոր է, և ես կարծում եմ, որ նրան պետք է պաշտոնանկ անել: Կոնգրեսի անդամները, որոնք նրա հետ միասին փորձում էին խարխլել մեր ժողովրդավարությունը, պետք է հրաժարական տան, իսկ նրանք, ովքեր համագործակցում են ներքին ահաբեկիչների հետ, պետք է անհապաղ վտարվեն», - գրել է Քլինթոնը` ամսագրում հրապարակված իր հոդվածում: