Մարդիկ հրաժարվում են այս իշխանության կազմում պաշտոն զբաղեցնելուց․ Փաշինյանից մեծ ջանքեր են պահանջվել Շիրակի մարզպետի թեկնածու գտնելու հարցում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վաղը՝ կառավարության նիստին, Նիկոլ Փաշինյանը կներկայացնի Շիրակի նոր մարզպետին: Թե ինչու պաշտոնից ազատվեց նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը, բացահայտ չի ասվում: Սակայն, մեր տեղեկություններով, հիմնական պատճառը նոյեմբերի 9-ից հետո գերեվարված 60-ից ավելի շիրակցիներն են, որոնց հարազատներն օրուարև չեն տվել մարզպետին՝ պահանջելով հետ բերել իրենց հարազատներին: Իսկ Ալիևը հայտարարեց, որ պատերազմը դադարեցնելուց հետո գերի ընկածները դիվերսանտներ են, ոչ թե ռազմագերիներ: Եվ սա մարզպետի լուծելիք հարցը չէ, այլ երկրի ղեկավարության: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ո՛չ Մոսկվայում կարողացավ այս հարցն առաջ տանել, ո՛չ էլ դրանից հետո է կարողանում քայլեր ձեռնարկել:
Նիկոլ Փաշինյանից մեծ ջանքեր են պահանջվել Շիրակի մարզպետի թեկնածու գտնելու հարցում: Լուրեր կան, որ առաջարկ է արվել Մարտուն Գրիգորյանին, Նազելի Բաղդասարյանին, Երկուսն էլ հրաժարվել են: Մենք արդեն գրել ենք, որ Փաշինյանի ընտրությունը կանգ է առել առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանի վրա, ով ծնունդով Շիրակի մարզից է, կառավարության առաջիկա նիստում նա կներկայացվի հանրությանը: Նա 2018 թվականին նշանակվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով, 2019-ի ապրիլին՝ առողջապահության փոխնախարար, իսկ նույն տարվա հոկտեմբերին ազատվել էր աշխատանքից:
Այն ժամանակ մամուլը գրեց, որ պատճառը նրա հոր անվան հետ կապված կոռուպցիոն պատմություններն են, որը ստիպել է փոխնախարարին դիմում գրել և ազատվել, որպեսզի իր անունն էլ չշոշափվի: «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հաստատեց իրեն արված առաջարկի մասին լուրերը՝ ասելով, որ իրեն ավելի օգտակար է համարում և ճիշտ է գտնում օրենսդիր մարմնում մնալը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: