«Հրանտ Դինքը մեր երկրի բարեխիղճ զավակն էր». Էրդողանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետը Դինքի սպանության համար մեղադրել է ՖԵԹՈ-ին
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը թվիթերյան գրառմամբ ոգեկոչել է պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը, որը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին:
Միևնույն ժամանակ թուրք պաշտոնյան Դինքի սպանության համար մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական որակված գյուլենական շարժմանը՝ ՖԵԹՈ-ին:
«Հրանտ Դինքը մեր երկրի բարեխիղճ զավակն էր, Անատոլիայի քաջ սիրահարը: Նրա քրտինքը թափվում էր այս հողերի համար, նրա գրիչը միշտ պայքարում էր եղբայրության համար: 14 տարի է անցել այն օրվանից, ինչ ստոր ահաբեկչական ՖԵԹՈ կազմակերպությունը խլեց մեզնից Հրանտին: Միշտ կհիշենք նրա անկեղծությունն ու սերը Անատոլիայի նկատմամբ»,-գրել է Ալթունը:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: