Ռոհանին նշել է, որ Իրանը կվերադառնա իր պարտավորությունների կատարմանը, եթե ԱՄՆ-ն վերադառնա միջուկային ծրագրին
Իրանը կվերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (JCPOA) ստանձնած պարտավորությունների կատարմանը, եթե ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենն ապահովի ԱՄՆ-ի վերադարձը համաձայնագրին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը` վկայակոչելով իրանական աղբյուրները:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ եթե Թեհրանն առաջինը վերադառնա Իրանի միջուկային ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը, ապա Վաշինգտոնը նույնպես պատրաստ է վերադառնալ գործարքին՝ հետագայում ավելի երկարաժամկետ համաձայնագրի կնքմանը հասնելու նպատակով, որը կներառի նաև Թեհրանի հրթիռային ծրագիրը:
«Նրանցից, ովքեր այսօր իշխանություն կստանան Սպիտակ տանը, ակնկալում ենք վերադարձ օրենքի իրագործմանը, պարտավորություններին և ջանքերին և, եթե կարող են, ազատվել նախորդ չորս տարիների բոլոր սև կետերից, չնայած դրանցից մեկը հավերժ կմնա պատմության մեջ: Նրանք պետք է վերադառնան միջազգային նորմերին և բանաձևերին. 2231 բանաձևին (որով ՄԱԿ-ը հավանություն է տվել Իրանի միջուկային համաձայնագրին): Իհարկե, եթե նրանք վերադառնան, մեր պատասխանը դրական կլինի», - ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին` կառավարության նիստի ժամանակ:
Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն գործնական քայլերի դիմի, ապա Իրանը կգործի իր բոլոր պարտավորություններին համապատասխան: