Թրամփը դիտարկում է նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու հնարավորությունը․ WSJ
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին քննարկել է նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու հնարավորությունը, որը կցանկանար անվանել «Հայրենասիրական կուսակցություն», գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:
Հաղորդվում է, որ նա այդ հարցը քննարկել է իր օգնականների և այլ մերձավորների հետ:
Թերթը նշում է, որ նոր կուսակցության ստեղծումը զգալի ներդրումներ կպահանջի։ Ընդ որում, Թրամփը մեծ թվով կողմնակիցներ ունի, որոնց մի մասը նախքան նրա իշխանության գալը Հանրապետական կուսակցության աջակից չի եղել։
Երրորդ կուսակցությունները, որպես կանոն, բավարար աջակցություն չեն ստանում և ազգային ընտրություններում կարևոր դեր չեն խաղում։ Նոր կուսակցություն ստեղծելու ցանկացած փորձ, ամենայն հավանականությամբ, կբախվի Հանրապետական կուսակցության պաշտոնյաների ընդդիմությանը, որոնք վրդովված կլինեն այն մտքից, որ Թրամփը հրաժարվում է Հանրապետական կուսակցությանն անդամակցությունից, գրում է թերթը։
Նշենք, որ վերջին օրերին սրվել են Թրամփի և որոշ հանրապետական առաջնորդների հարաբերությունները։ Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մակքոնելը նախագահին մեղադրել է հունվարի 6-ին Կապիտոլիումը գրոհած ամբոխին հրահրելու համար։
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 4 մարդ է սպանվել: Դեմոկրատները կատարվածի պատասխանատու են համարում Թրամփին՝ պահանջելով նրա հեռացումն իշխանությունից, այդպիսի դիրքորոշում են հնչեցրել նաև որոշ հանրապետականներ: