Օդերևութաբանների զգուշացումներն արդյունք չտվեցին, մայրաքաղաքը երեկ ամբողջ օրը կաթվածահար էր (Լուսանկարներ)
Հունվարի 19-ին գրեթե ամբողջ օրը տեղացած առատ ձյունը, թվում է, թե անակնկալի պետք է չբերեր մայրաքաղաքի իշխանություններին՝ հաշվի առնելով, որ թե տեղումների, թե օդի ջերմաստիճանի կտրուկ անկման մասին արդեն մի քանի օր՝ տեղեկացնում էին օթերևութաբանները, այնուամենայնիվ, եղանակը լուրջ խնդիրներ առաջացրեց մայրաքաղաքի բնակիչների համար․ մեծ խցանումներ քաղաքի տարբեր հատվածներում՝ հատկապես Կենտրոն վարչական շրջանում, չմաքրված ու սայթաքուն աստիճաններ, բակային տարածքներ։
Հատկապես երեկոյան, երբ ջերմաստիճանն ավելի նվազեց, շատ փողոցներում՝ հատկապես ծայրամասային թաղամասերում, որտեղ փողոցները ձնից լիարժեք չէին մաքրվել, արդեն մերկասառույց էր, ինչը ոչ միայն խցանումների պատճառ էր դարձել, այլեւ վթարային իրավիճակների։
Նուբարաշեն թաղամաս գնացող ճանապարհին մեքենաները մոտ երկու ժամ մնացել են կանգնած, կարողացել են առաջ շարժվել միայն քարշակների օգնությամբ։
Շատ քաղաքացիներ, չկարողանալով ճանապարհը շարունակել մեքենաներով, ստիպված են եղել դրանք կայանել եւ տուն հասնել ոտքով կամ տրանսպորտով։
Չնայած դրան՝ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքում առավոտից գրառումներ էր անում ու տեսանյութեր տեղադրում, թե ինչ մեծ թափով ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքում։ Խոսնակի գրառման մեկնաբանություններում քաղաքացիները գրել են, որ կամ ձնամաքրման մեքենա չեն տեսել, կամ էլ դրանք արդյունավետ չեն աշխատել։ Այսպիսի ահազանգեր են ստացվել Նորքի զանգվածներից, Նորք-Մարաշից, Քանաքեռ-Զեյթունից, Ավանից, Իսակովի պողոտայից, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա թաղամասերից։ Նմանատիպ գրառումներ են արվել նաեւ քաղաքապետարանի պաշտոնական էջում։