Արցախում զոհված սպա Հովիկ Վարդանյանն առանց ծնողների էր մեծացել, երազում էր, որ իր դուստրն ավելի լավ մանկություն ունենա
24-ամյա ավագ լեյտենանտ Հովիկ Վարդանյանը վաղ հասակում կորցրել էր ծնողներին: Հովիկին մեծացրել էր տատիկը:
«Հովիկ շատ փոքր էր, երբ ավտովթարից մահացան նրա ծնողները: Հովիկին խնամել և մեծացրել էր տատիկը, ում խորհրդով էլ ընտրել էր զինվորականի մասնագիտությունը»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հովիկ Վարդանյանի կինը՝ Նարինե Սաֆարյանը:
14 տարեկանում Հովիկը տեղափոխվել էր «Փոքր Մհեր» կրթահամալիր, ապա սովորել Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ինստիտուտում:
««Փոքր Մհերում» սովորելու տարիներին գնացել էին Արևմտյան Հայաստան: Ցանկացել էին մեր եռագույնով նկարվել, սակայն այնտեղ զգուշացրել էին, որ արգելված է: Հովիկն ուսուցչին ասել էր՝ մինչև հսկիչները իրենց դիրքերը վերադառնան, մենք կհասցնենք մի քանի լուսանկար անել: Ու այդպես կարողացել էին հայկական դրոշով լուսանկարվել»,- ասաց Նարինե Սաֆարյանը:
Հովիկն աշխատել էր Եղեգնաձորի, Կապանի և Շուշիի հակաօդային պաշտպանության զորամասերում։
«Մոտ ինն ամիս բնակվում էինք Շուշիում: Ամուսինս պատերազմի հենց առաջին օրը պահանջեց, որ տեղափոխվեմ Հայաստան՝ թեպետ ես ուզում էի մնալ Շուշիում և ինչ-որ բանով օգտակար լինել ամուսնուս: Գնացի ընկերուհուս մոտ Բերձոր, և միասին եկանք այստեղ:
Այդ կրակոցների ու պայթյունների ձայնը ես լսել էի, ու շատ դժվար էր գիտակցելը, որ դու այդ ամենի մեջ թողնում ես քո սիրած մարդուն ու հեռանում…»,- նշեց Նարինե Սաֆարյանը:
Հովիկը սեպտեմբերի 23-ին մեկնել էր հերթափոխի և 28-ին պետք է վերադառնար: Պատերազմի ընթացքում Հովիկ Վարդանյանը ՏՈՌ մարտական մեքենայի հրամանատարն էր, հաշվարկի պետը:
«Երբ առաջին անգամ ԱԹՍ խփեց, շատ էր ուրախացել, ասում էր` անպայման էլի եմ խփելու ու ամեն օր ինձ ասում էր, թե քանի հատ է խփել: Ամուսինս շատ մեծ ոգևորությամբ ցանկանում էր ավելին ու ավելին սովորել ռազմական աշխարհի մասին և օգտակար լինել հայրենիքին:
Ռազմադաշտից շատ մարդկանց էր զանգահարում՝ անգամ հեռու բարեկամներին: Տպավորություն էր, որ զգում էր՝ վերջին անգամ է խոսելու»,- հիշեց Հովիկի կինը:
Հովիկը ֆուտբոլի մեծ երկրագու էր: Երբ հերթապահության էր լինում, Նարինեին խնդրում էր հետևել իր երկրպագած թիմի Մադրիդի «Ռեալի» խաղերին և իրեն ասել հաշիվը։
Երկու օրից կծնվի Հովիկի և Նարինեի առաջնեկը՝ Ադրիանան:
«Հովիկի երազանքն էր աղջիկ ունենալը: Միասին ընտրեցինք անունը՝ Ադրիանա: Միշտ ասում էր, որ ես իմ երեխայի համար պետք է ապահովեմ այնպիսի մանկություն, ինչպիսին ես չեմ ունեցել: Հիմա ես պարտավոր եմ այնպես անել, որ մեր աղջիկը երբեք չզգա հոր բացակայությունը, քանի որ իր հայրն իր կյանքը տվեց հանուն Ադրիանայի պայծառ ապագայի»,- նշեց Նարինե Սաֆարյանը:
Հովիկ Վարդանյանը նահատակվել է հոկտեմբերի 12-ին Շուշիում անօդաչու թռչող սարքի հարվածից: Հուղարկավորվել է «Եռաբլուրում»: