ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է «օրենքով գող» Յապոնչիկի սպանությունը կատարողների անունները
«Օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) սպանության գործով երկու ֆիգուրանտներ, որոնք հեռակա կարգով ձերբակալվել են, այդ հանցանքի կատարողներն են: Այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը Ռուսաստանի ՆԳՆ ԳՎ քրեական հետաքննության հետ համագործակցության միջոցով պարզել է Վյաչեսլավ Իվանկովի՝ ավելի հայտնի որպես «օրենքով գող» Յապոնչիկի սպանության հեղինակներին: Նրանք են Աբխազիայի Հանրապետության եւ ՌԴ երկքաղաքացիներ Աստամուր Բուտբան եւ Նուգզար Պապավան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Սպանության կատարումից հետո Բուտբան եւ Պապավան Ռուսաստանից մեկնել են Աբխազիա: Նրանց հեռակա մեղադրանք է առաջադրվել՝ կազմակերպված խմբի կազմում սպանություն կատարելու եւ ապօրինի զենք պահելու համար, նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում:
Քննության վարկածով՝ հենց Բուտբան է 2009-ի հուլիսին բեռնատարի հետնամասից դիպուկահար հրացանից կրակել Իվանկովի վրա, որն այդ պահին դուրս էր գալիս ռեստորանից: Այդ ժամանակ Պապավան գողացված մեքենայով եւս դեպքի վայրում է եղել: Նա թաքցրել է մարդասպանի նահանջը եւ ցանկացած պահի պատրաստ է եղել Կալաշնիկովի ինքնաձիգից կրակ բացել նրան հետապնդողների ուղղությամբ:
2009 թվականի հուլիսի վերջին Իվանկովին ծանր վնասվածք էր հասցրել դիպուկահարը, երբ նա դուրս էր գալիս Մոսկվայի Խորոշեվսկի մայրուղու վրա գտնվող «Թայական փիղ» ռեստորանից: Մի քանի ամիս անց քրեական հեղինակությունը մահացել է: ՔԿ-ում կարծում են, որ սպանության հիմնական դրդապատճառը Իվանկովի հանդեպ «օրենքով գող» Իլյա Սիմոնիայի (Մախո) անձնական թշնամանքն էր: