Աբրամովիչից մինչև Սոլովյով. Նավալնին կազմել է ՌԴ քաղաքացիների ցանկը, որոնց դեմ Արևմուտքը պետք է պատժամիջոցներ սահմանի
Հակակոռուպցիոն հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Աշուրկովն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է այն ռուսաստանցիների ցանկը, որոնց նկատմամբ, ըստ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի, Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի: Այս մասին գրում է Meduza-ն:
Ցուցակում, ընդհանուր առմամբ, ներառված է 8 մարդ: Նրանք են՝ միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովը և Ռոման Աբրամովիչը, հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար, Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշևի որդին՝ Դմիտրի Պատրուշևը, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի նախագահ Իգոր Շուվալովը, ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը, ՎՏԲ բանկի ղեկավարի տեղակալ, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի որդին՝ Դենիս Բորտնիկովը, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
Աշուրկովի խոսքով՝ ցուցակը համաձայնեցվել է Նավալնիի հետ հունվարի 17-ին՝ Բեռլինից Ռուսաստան վերադառնալուց առաջ:
«Երբ Ալեքսեյն ինձ տվեց իր ցուցակը, այն ոչ մի կապ չուներ իր՝ ՌԴ վերադարձի հետ: Նա ակնկալում էր, որ ես այդ ցուցակը կներկայացնեմ արևմտյան կառավարությունների ուշադրությանը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով Ալեքսեյի ձերբակալումը և երկար տարիներ բանտարկված լինելու սպառնալիքը՝ ես որոշեցի, որ ճիշտ կլինի ցուցակը հրապարակել», -գրում է Աշուրկովը:
Հիշեցնենեք՝ 2020 թվականին նոյեմբերին Նավալնին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, կառույցին կոչ էր արել անձնական պատժամիջոցներ կիրառել ռուս միլիարդատերերի նկատմամբ:
«Այս պահին մենք նրանց դեմ պայքարելու փորձեր չենք տեսնում: Երբ Ալիշեր Ուսմանովը, Ռոման Աբրամովիչը իմանան, որ նրանց դուրս են վռնդել Եվրոպայից, ՌԴ քաղաքների փողոցներում տոն կլինի», - ասել էր Նավալնին՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է ինչ-որ կերպ համոզել ռուսաստանցիներին, որ ԵՄ կողմից կիրառվող պատժամիջոցներն ուղղված չեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների դեմ: