Թրամփը մտադիր չէ ներում շնորհել Ասանժին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ ներում շնորհել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Fox News-ին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփը մտադիր է մինչ իր նախագահական լիազորությունների ավարտը ներում շնորհել 50-100 մարդու: Նշվում է, որ կիրակի օրը Սպիտակ տանը տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ համաձայնեցվել է այն մարդկանց վերջնական ցուցակը, ում Թրամփը մտադիր է ներում շնորհել, եւ ում պատժաչափը մտադիր է մեղմել:
«Չնայած WikiLeaks-ի ակտիվ արշավին, որն ուղղված է դրա հիմնադիր Ջուլիան Ասանժին ներում շնորհելուն, նախագահի կողմից նրան ներում չի սպասվում»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:
Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է հեռուստաալիքը, ռեփեր Lil Wayne-ը ընդգրկվել է այն մարդկանց ցուցակում, որոնց նախագահը մտադիր է ներում շնորհել, իսկ Թրամփի նախկին խորհրդական Սթիվեն Բաննոնին ներում շնորհելու հարցը «ավելի ուշ կլուծվի»:
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Թրամփը պատրաստել է այն անձանց ընդլայնված ցուցակը, որոնց նա հույս ունի ներում շնորհել մինչ պաշտոնավարման ավարտը, դրանում նա հավանաբար ներառել է իրեն, ինչպես նաեւ իր հարազատներին, ընկերներին եւ երկու հայտնի ռեփերների: Թրամփը քննարկել է նախքան հունվարի 20-ին իր լիազորությունների ժամկետի ավարտը իրեն ներում շնորհելու հնարավորությունը, գրել է New York Times-ը:
ԱՄՆ-ում նախագահի ներումը բողոքարկման ենթակա չէ: Շատ նախագահներ օգտագործել են այս լիազորությունները դատապարտյալների, այդ թվում՝ իրենց քաղաքական աջակիցների դեմ դատական հետապնդումները հանելու համար: