Որքանո՞վ են թշնամի երկրների զորավարժությունները վտանգավոր Հայաստանի համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Մինչ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը զբաղված են սեփական օրակարգերով, իրար հասցեին մեղադրանքներ եւ վիրավորանքներ հնչեցնելով, իսկ իրականում՝ աթոռակռվով, թշնամական երկու երկիր՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, փետրվարի 1-ից 12-ը պատմական Հայաստանի Կարս քաղաքում համատեղ զորավարժություն կանցկացնեն, որին կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ եւ օդուժ:
Ինչպես հայտնում է Թուրքիայի իշխանամերձ «Ahaber» լրատվամիջոցը, առաջիկա այդ զորավարժությունը ուժի ցուցադրում է Հայաստանին։ Նկատենք՝ նախորդ անգամ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները տեղի էին ունեցել 2020-ի օգոստոսին, որից մեկ ամիս անց Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվեց Արցախի վրա:
Ընդ որում, ադրբեջանաթուրքական զորավարժությունների մասին հայտարարվեց Տավուշի մարզի Մովսես, Չինարի գյուղերի ուղղությամբ հուլիսի 12-ին սկսված հայ-ադրբեջանական ռազմական գործողություններից հետո, որոնց արդյունքում հայկական կողմը, փաստորեն, ունեցել էր դիրքային առավելություն: Ֆիքսենք, որ այս անգամ եւս զորավարժությունները տեւելու են տասը օր, ինչպես եւ եղավ ամռանը:
Որքանո՞վ են այս անգամ զորավարժությունները վտանգավոր Հայաստանի համար, եւ ի՞նչ դեր պետք է ունենա ՀՀ անվտանգության երաշխավոր Ռուսաստանի Դաշնությունը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ պետդումայի պատգամավոր Օլեգ Մորոզովի հետ, որը շտապեց հայտնել, թե չպետք է անհանգստանալ այդ զորավարժություններից՝ հիշեցնելով, որ այժմ Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահներն են.
«Աշխարհաքաղաքական իրավիճակը, որն այժմ ստեղծվել է Կովկասում, հնարավորություն է տալիս խաղաղություն պահպանել տարածաշրջանում՝ շնորհիվ ռուս խաղաղապահների առկայության: Ի տարբերություն Թուրքիայի, որն առաջին օրերից ամեն կերպ աջակցում էր Ադրբեջանին, Ռուսաստանի Դաշնությունը խաղաղության կողմնակից էր: Իհարկե, Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարտություն է համարում, սակայն դա միակ խելացի փոխզիջումն էր: Հայաստանում իշխանության պետք է գա ազգային լիդեր, որը Հայաստանը կհանի այս վիճակից»:
Եվ չնայած թուրք-ադրբեջանական զորավարժություններն անցկացվելու են Հայաստանի սահմանի մոտ, սակայն ռուս պաշտոնյան այդ ամենից Հայաստանի համար որեւէ վտանգ չէր տեսնում: Իսկ ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Թուրքիան այսպես ցանկանում է բարձր պահել իր քաղաքական դերակատարությունը, քանի որ արցախյան պատերազմով հույս են ունեցել գոնե խաղաղապահներ տեղակայել, որը կրկին չի կայացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: