«Մեր նպատակը հանդիսատեսից արցունքներ կորզելը չէ, սա ֆիլմ է՝ ի հիշատակ մեր զինվորների». «Հարսանիք թիկունքում» ներկայացման համանուն ֆիլմը՝ շուտով էկրաններին
Հունվարի 28-ին մեծ էկրաններ կբարձրանա «Հարսանիք թիկունքում» համանուն ժապավենը, որի էկրանավորման ռեժիսորն Արշալույս Հարությունյանն է: Ֆիլմը նվիրված է հայ զինվորին, եւ արդեն երկար ժամանակ է, ինչ պատրաստ է, սակայն ռեժիսորի խոսքով՝ պրեմիերան հետաձգվել էր համավարակի պատճառով: Այն պետք է կայանար նախորդ տարի՝ ապրիլի 2-ին եւ նվիրված լիներ Քառօրյա պատերազմի հերոսներին, սակայն Արշալույս Հարությունյանի կարծիքով՝ հիմա ավելի քան արդիկան է.
«Ցավոք սրտի, այսօր ֆիլմի ազդեցությունը շատ ավելի մեծ կլինի՝ պայմանավորված վերջին պատերազմով, վերքերը դեռ թարմ են, թեեւ թեման էլ չի կարող հնանալ: Կապ չունի՝ ֆիլմն ապրիլյան դեպքերի, թե սեպտեմբերին սկսված պատերազմի մասին է, սա մեր կյանքի պատմությունն է: Ցավալի իրադարձությունները հանգեցրին նրան, որ այսօր ունենք այն, ինչ ունենք: Թեպետ «Հարսանիք թիկունքում»-ում գործողությունները տեղի են ունենում Քառօրյա պատերազմի ժամանակ, սակայն ամենակարեւոր խնդիրները մնում են արդիական, դրա համար էլ այս գործը հիմա էլ է արդիական, սա եւս մեկ առիթ է նորից վերանայելու մեր կյանքը, վերագնահատելու ամեն բան, անելու հետեւություններ: Չնայած պետք է ասեմ, որ մեր նպատակը հանդիսատեսից արցունքներ կորզելը չէ, սա ֆիլմ է՝ ի հիշատակ մեր զինվորների, նվիրվում է հայ զինվորին»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Արշալույս Հարությունյանը:
Ռեժիսորը վստահեցրեց՝ հանդիսատեսը, որը դիտել է «Հարսանիք թիկունքում» ներկայացումը, կհավանի նաեւ դրա էկրանավորումը:
«Մեկը մյուսին չեն կարող խանգարել, հակառակը՝ կօգնեն, միմյանց լրացնելու են. կարեւորը՝ մարդիկ սիրեն տվյալ գործը: Ի վերջո, մենք նաեւ էկրանավորման շնորհիվ կմեծացնենք ֆիլմի աշխարհագրությունը: Միշտ չէ, որ հնարավոր է ներկայացումը խաղալ տարբեր երկրներում, իսկ ֆիլմի շնորհիվ այս գործին կծանոթանան շատ երկրներում»,-նշեց նա:
«Հարսանիք թիկունքում» ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում, ինչը նորություն է Հայաստանում.
«Բոլորիս համար էլ էքսպերիմենտ էր, նման ձեւաչափով ֆիլմ Հայաստանում դեռ չի եղել: Որոշեցինք ներկայացումը նկարահանել հենց բեմում, բայց ֆիլմի բոլոր օրենքներով: Սա հեռուստաթատրոն չէ, լիարժեք ֆիլմ է, քանի որ նկարահանումներն արվել են կինոյին հատուկ լեզվով՝միաժամանակ պահպանելով ներկայացման հուզականությունը եւ էներգետիկան: Մեր խնդիրը ոչ թե փոփոխութուններ անելն էր, այլ ճիշտ ադապտացիան էր, որ չկորցնեինք այն, ինչ ուներ ներկայացումը, մեզ համար առաջնային էր ներկայացման համ ու հոտը պահելը: Մենք, իհարկե, հնարավորություն ունեինք Գյումրիում որևէ հարմար տուն, բակ գտնելու եւ այնտեղ նկարահանելու, սակայն որոշեցինք անել մի բան, որը նախկինում Հայաստանում երբեւէ չէր արվել»:
Արշալույս Հարությունյանը նաեւ նշեց, որ ո՛չ սցենարը, ո՛չ դերասանական կազմը չեն փոփոխվել.
«Ես նման փորձ ունեի նախկինում, երբ ներկայացման էկրանավորման ժամանակ դերասանները փոխվել էին, սակայն այս անգամ դերասանների փոփոխությունը չի էլ քննարկվել, ֆանտաստիկ անսամբլ է հավաքված, նրանք խենթերի պես սիրում են իրենց աշխատանքը, նվիրված են իրենց թատրոնին: Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանում նվիրյալների խնդիր կա: Ցանկացած ռեժիսորի համար երազելի մթնոլորտ էր»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: