Բայդենի թիմն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ երկխոսություն է սկսել իրանցի պաշտոնյաների հետ. լրատվամիջոցներ
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի աշխատակազմն իսրայելցի պաշտոնյաներին տեղեկացրել է, որ իրանցի պաշտոնատար անձանց հետ գաղտնի կապեր են հաստատվել՝ միջուկային գործարքին վերադառնալու նպատակով, հայտնում է almasdarnews.com թերթը` վկայակոչելով իսրայելական 12-րդ ալիքի թղթակից Նիր Դաֆուրին:
Այս պնդումը համապատասխանում է նախորդ տեղեկություններին այն մասին, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը երկխոսություն են սկսել:
Համաձայն լրատվականի հաղորդած տեղեկությունների, Իսրայելի քաղաքական հետախուզության («Մոսադ») ղեկավար Յոսի Քոհենն ԱՄՆ մայրաքաղաքում բանակցություններ է վարում հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների` մասնավորապես պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Դիվանագիտական նորմերի համաձայն` Քոհենը չի կարող բանակցություններ վարել նորընտիր նախագահի վարչակազմի հետ նախքան լիազորությունների պաշտոնական ստանձնումը: Սակայն Քոհենը հանդիպումներ է ունեցել Բայդենի անվտանգության աշխատակիցների հետ:
Իսրայելական կողմի գնահատականները ցույց են տալիս, որ Բայդենի վարչակազմը և Իսրայելի կառավարությունը, իրանական խնդրի շուրջ նրանց միջև եղած մեծ տարաձայնությունների պատճառով բախվելու են միմյանց հետ:
ԱՄՆ-ի նորընտիր նախագահն իր քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, որ բանակցություններ կսկսի Իրանի հետ և կվերադառնա միջուկային համաձայնագրին այն դեպքում, երբ Իրանը նույնպես վերադառնա համաձայնագրով սահմանված իր պարտավորությունների կատարմանը, իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նման քայլը համարում է «ճակատագրական սխալ»:
Ի տարբերություն իր նախորդ Բարաք Օբամայի, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ագրեսիվ էր Իրանի նկատմամբ, ինչի համար էլ նա դուրս բերեց Միացյալ Նահանգները Իրանի միջուկային համաձայնագրից և նախաձեռնեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը: